«Հայաստանն ունի 2 ճգնաժամ: Մի ճգնաժամը թելադրված է դրսից, երկրորդը վաղուց է: Արդեն 10-20 տարի է' մենք ճգնաժամի մեջ ենք ապրում, որը պայմանավորված է և' անցումային փուլով,և մեր ներքին խնդիրներով», -կարծում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Ճգնաժամից Հայաստանի համար օգտակար հնարավորության տարբերակ նա չի տեսնում: «Ես համոզված եմ, որ ոչ մի տնտեսական ճգնաժամ հաղթահարելի չի լինի, եթե ամբողջ համակարգը, այդ թվում' օրենսդիր, գործադիր և դատական  իշխանությունները, հավասարակշռված ձևով չդիմակայեն»,- նկատեց նա:

«Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» թեմայով միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում այսօր կազմակերպվել էր կլոր սեղան' Հայաստանի նախկին վարչապետերի մասնակցությամբ: Գործող վարչապետը հրավիրված էր, սակայն ներկա չէր:

ՍԴ նախագահ, նախկին վարչապետ Գագիկ Հարությունյանի պատկերացմամբ' այսօր իրականում «համակարգային ճգնաժամ է»:

 «Արդյոք իրականացվում են համարժեք քայլեր այդ երևույթը հաղթահարելո՞ւ համար, թե՞ փորձում ենք հողով գետի բերանը փակել և ինչ-որ քայլերի արդյունքում տեսնել'մենք հաղթահարում ենք համակարգային բավական լայն ընդգկում ունեցող այնպիսի գործընթացներ, որոնք նեղ տնտեսական ճգնաժամ անվանելը բավական թերի կլինի»,- հռետորական հարց տվեց նա:

Հրանտ Բագրատյանի գնահատմամբ' երբեմն Հայաստանը իրեն ՍՊԸ  է թվում, այն էլ' փակ:«Չի կարելի խնայած եկամտահարկով տնտեսական ճգաժամ հաղթահարել.

դա նշանակում է, որ աղքատն էլ  է նույն հարկը մուծում, հարուստն էլ: Պետք է արժեզրկել ազգային դրամը, մեզ հիմա ուժեղ դրամ պետք չի: Վերացնել վերավարկավորում կոչվածը, լիբերալիզացնել բանկային համակարգը»,- սա էր նրա դեղատոմսը: