Ապրիլի 21-ի դրությամբ Երեւան քաղաքում հաշվառված եւ նախնական ցուցակներում տեղ գտած քաղաքացիների թիվը 771 հազար 353 է, իսկ հանրապետությունում' 2 մլն 391 հազար 963:

Այս մասին այսօր ԿԸՀ-ում հայտնեց Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Ըստ նրա, 2008 թվականի հունիսից հունվար ընկած ժամանակահատվածում Երեւանում հաշվառվածների թիվն ավելացել է 4 հազար 274-ով, իսկ հանրապետությունում' 30 հազար 490-ով: 2009 թվականի հունվարից մինչեւ ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում հաշվառվածների թիվն աճել է 7 հազար 570-ով, որոնցից 2 հազար 513-ը փախստականներ են:

Նախնական ցուցակները ԿԸՀ-ին է տրամադրվել եւ բոլոր ԸԸՀ-ում փակցվել է Ընտրական օրենսգրքի համաձայն ' քվեարկության օրից 40 օր առաջ: Նորայր Մուրադխանյանը նաեւ խնդրեց երեւանցիների աջակցությունը' ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել Անձնագրերի եւ վիզաների վարչության թեժ գծին'82-20 հեռախոսահամարով: Այն կաշխատի ամեն օր, ժամը 9-ից 18-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի կողմից "Ընտրական օրենսգրքի" 10-րդ հոդվածի կասեցմանը, ապա, ըստ նրա, այդ հոդվածի համախատասխան, որեւէ մեկը' ժամանակավոր գրանցումով, տեղ չի գտել նախնական ցուցակներում, քանի որ նախնական ցուցակները կազմվում են ըստ հաշվառման: Իսկ լրացուցիչ ցուցակները, այսինքն, այն մարդիկ, ովքեր չունեն մշտական հաշվառում, բայց ժամանակավոր բնակվում են Երեւանում, քվեարկությունից 21 օր առաջ պետք է դիմեն համայնքի ղեկավարին, իսկ քվեարկությունից 15 օր առաջ' լիազոր մարմնին:

Հիշեցնենք, որ այժմ այս հոդվածի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկվում է, եւ առնվազն մինչեւ մայիսի 8-ը' գործի դատաքննության ավարտը, Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը կասեցված է: