"Թուրքիան եւ Հայաստանը կարող են շուտով հայտարարել սահմանի վերաբացման ու հարաբերությունների վերականգնման համաձայության մասին", - այսօր գրել է Wall Street Journal թերթը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:
Համաձայնության գալու ժամկետը կապվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` եկող շաբաթ Թուրքիա կատարելիք այցի հետ: Wall Street Journal-ի աղբյուրները նույնիսկ նշել են, թե քննարկվում է հայ - թուրքական համաձայնագրի ստորագրման ամսաթիվը, որը կարող է լինել ապրիլի 16-ը:
ՀՅԴ հայ դատի երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը միանշանակ ապատեղեկատվություն է համարում տարածվող տեղեկատվությունը, թե մոտ ապագայում, մինչեւ ապրիլի 16-ը, կամ մինչեւ 24-ը հայ-թուրքական սահմանը կբացվի.
"Ո՞վ է ասում, որ ապրիլի 16-ին բացելու են սահմանը: Թուրքերն էլ չեն ասում, նրանք փորձում են անանուն աղբյուրների միջոցով տարածել նման լուրեր, մինչեւ Օբաման գա-գնա: Ուզում են Օբամային էլ, մեզ էլ, ձեզ էլ խաբել, թե իբր մի բան են ուզում անել, որ հանկարծ Օբաման ցեղասպանություն բառը չարտասանի",- բացահայտում է Կիրո Մանոյանը:
Եվ այնուամենայնիվ, թեեւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը ՀՅԴ-ն դեմ չէ, բայց Կիրո Մանոյանը չի կարող այդ քայլը միանշանակ դրական գնահատել:
"Ա1+"-ի հետ զրույցում նա ասաց. "Մենք պատրաստում ենք հրապարակել փաստաթուղթ` դրա հավանական վտանգները եւ դրանց առաջն առնելու միջոցները":
Ըստ Կիրո Մանոյանի` Թուրքիան սահմանը բացելով` ժեստ չի անում, նա իր թշնամական վերաբերմունքն է փոխում. "Մեր սեւ, կամ կապույտ աչքերի համար չէ, որ սահմանը բացելու է, դա անելու է օգոստոսյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակում իր դերակատարությունը ավելացնելու եւ ցեղասպանության ճանաչման դեմն առնելու համար. դա ժեստ չէ, այլ իր շահերից բխող քայլ: 15 տարի ինքը պատանդ էր Ադրբեջանի ձեռքում, հիմա փորձում է առիթից օգտվել ու դուրս գալ այդ իրավիճակից»:
Ի դեպ, Գերմանիայի արտգործանախարարը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է արագացնել ԼՂՀ խնդրի կարգավորումը:
"Ճիշտ է, որ սահմանի բացումը կարող է նպաստել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, որովհետեւ Ադրբեջանը վերջապես կհասկանա, որ բաներ կան, որոնք պիտի ընդունի, դրանցից մեկն էլ այն է, որ Ղարաբաղը չի վերադառնալու Ադրբեջանի կազմի մեջ",-ասաց Կիրո Մանոյանը:
Ամերիկյան պարբերականը գրում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունները համաձայնության են եկել պաշտոնական բանակցություններ վարել երեք ուղղությամբ` բացել եւ ֆիքսել երկու երկրների միջեւ սահմանը, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ հանձնախմբեր ձեւավորել երկու երկրների միջեւ առկա խնդիրները քննարկելու համար:
Կիրո Մանոյանը "Ա1+"-ին հայտնեց, որ իրենք մտահոգություն արտահայտել եւ արտահայտում են, որ "հավանական պայմանագրում չպետք է լինի այնպիսի կետ, որը կարող է կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը, կամ նույնիսկ մեկնաբանվել որպես այդպիսին, եւ չպետք է լինի այնպիսի կետ, որը կխոչընդոտի Հայաստանին վաղը իր իրավունքները հետապնդել":
Իսկ ԼՂ հա՞րցը. "Ղարաբաղի հարցը Հայաստան -Թուրքիա հարաբերությունների շրջագծից դուրս է եկել. Թուրքիան չի կարող միջնորդ լինել եւ կարծում եմ արդեն հասկացել է դա եւ չի կարող նախապայման դնել Ղարաբաղի հարցով: Այդ պատճառով էլ Ադրբեջանը Թուրքիայի հետ սպառնալիքների լեզվով է խոսում` առնվազն մամուլում":
Ի դեպ, Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման կամ ֆինանսական կառավարման մրցույթին թուրքական կազմակերպության մասնակցությունը Կիրո Մանոյանը սխալ է համարում:
"Մի պետության, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, չի կարելի թույլ տալ ազգային անվտանգության նշանակություն ունեցող այդպիսի մեծ օբյեկտի մեջ թեկուզ ֆինանսապես մասնակցել, որովհետեւ չկա այդպիսի հասկացություն, որ փողը ազգություն չի ճանաչում: Եթե այդպես է` ապա ինչո՞ւ այս նույն կառավարությունը որոշել է համահայկական հիմնադրամ ստեղծել, հայերի պարագայում փողը ազգություն ճանաչում է, թուրքերի պարագայում չի՞ ճանաչում: Սա գերլիբերալ մոտեցում է, որը ընդունելի չէ, մանավանդ համաշխարհային բոլոր իրադարձություններից հետո",-ասաց նա: