Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով:

Իր խոսքում Նախագահը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու ուղղությամբ եւ դրա համար ոչինչ չի խնայվի:

Բակո Սահակյանն այնուհետեւ նշել է, որ ժամանակակից սպառազինության հետ մեկտեղ անհրաժեշտ է բարձ պահել նաեւ զինվորների մարտական ոգին, ինչն իրենից ներկայացնում է միջոցառումների բազմաբնույթ փաթեթ` ներառելով հոգեբանական, դաստիարակչական, սոցիալական եւ մի շարք այլ հիմնախնդիրներ:

Անդրադառնալով վերջերս Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներին` Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը դրանք որակել է որպես ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ, որոնք սպառնալիք են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար եւ ընդգծել, որ ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ միջոցը` նրան ուժգին հակահարված տալն է: «Եթե դա չկատարվի, ապա անկայունության սահմանները անպայմանորեն կընդլայնվեն»,-ասել է Նախագահը:

Նա բարձր է գնահատել Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը, ինչի լավագույն ապացույցն է հակառակորդի բոլոր սադրանքների արդյունավետ կասեցումը:

Երկրի ղեկավարը սեպտեմբերի 4-ին Ջրաբերդի ուղղությամբ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձը հաջող կասեցնելու համար մի խումբ զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ:

Պարգեւատրում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:
Մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են`

Խաչատուր Բաղդասարյանը Արցախի Հանրապետության
պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային

Արմեն Մանուկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պաշտպանության բանակի նռնակաձիգ, շարքային