ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների ավելացման արդյունքում նրանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության նշված ծառայությանը հատկացրել է 50000.0 հազար դրամ։

Որ դահլիճը նորոգվի

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեի օրենքում և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում։ Դրանց շնորհիվ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմն հնարավորություն է ստացել դահլիճի նորոգման և պահպանման նպատակով իր միջոցներից օգտագործել ևս 26,418.3 հազար դրամ։

«Սխալվելու իրավունք չունենք»

            Կառավարության հավանությունն է ստացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանելու սկզբունքներն ու կարգը և այլ իրավահարաբերություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս օրենքը կարևորագույններից է և լուրջ նշանակություն է ունենալու մեր երկրի տնտեսական զարգացման համար։ Այդ նկատառումով նույնիսկ առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին նախարարություն։ «Մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ չնայած օրենքի նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ, այնուամենայնիվ դրա հեղինակային իրավունքը մեզ է պատկանելու», - ասել է Տիգրան Սարգսյանը։ Նա նպատակահարմար է համարել ստանալ բոլոր նախարարությունների կարծիքը և առաջարկել է իր մոտ ևս մեկ քննարկում անցկացնել և գալ ընդհանուր հայտարարի։

Հիմքը այգեգործի գրքույկն է

Այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կանոնակարգելու նպատակով կառավարությունը սահմանել է, որ հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված և ներկայումս ըստ հողային հաշվեկշռի բնակավայրերի նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքի գրանցման հիմք է հանդիսանում մինչև 1994թ. հունվարի 1-ը տրամադրված այգեգործի գրքույկը։ Որոշմամբ վերացվում են հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցման խոչընդոտները։

Փոխհատուցում

Գործադիրը որոշել է հողամասերի արժեքների փոխհատուցման, գույքային իրավունքների պետական գրանցման նոտարական վավերացման նպատակով Լոռու մարզպետարանին հատկացնել 17,550.375 հազար դրամ' Ապավենի և Ջիլիզայի գյուղական համայնքներին և 19 քաղաքացիներին վճարելու համար։ Նշված տարածքները ավելի վաղ ճանաչվել էին բացառիկ' գերակա հանրային շահ' սահմանապահ ուղեկալ կառուցելու նպատակով։

 Ժամանակացույց

Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ ավելի արդյունավետ պայքար կծավալվի այդ հանցագործության դեմ, կուժեղանա դրա կանխարգելման հնարավորությունը, ինչպես նաև առավել համակողմանիորեն կպաշտպանվեն ՀՀ քաղաքացիների շահերն ու իրավունքները,

Հրատապ հարց

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում երեխաների ծնունդների և մահերի գրանցման, ինչպես նաև հաշվառումից դուրս մնացած երեխաների գրանցման նպատակով իրավական ակտերի մշակման ժամանակացույցին»։ Հարցը հրատապ է և անհապաղ լուծման կարիք ունի։ Գիտակցելով դա, ստեղծվում և ներդրվում են երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը կանխելու գործուն մեխանիզմներ։