ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին և դեսպանատան տնտեսական բաժնի համակարգող Նինո Շրամին:
Դեսպանը նախարարին է փոխանցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության և էկոնոմիկայի նախարարների հրավերը: 2010 թվականի նոյեմբերի 22-23-ը Բեռլինում տեղի է ունենալու համաժողով` նվիրված առողջապահության համակարգի ֆինանսավորման, ապահովագրության և այլ խնդիրներին:
Նախարարն ընդունել է հրավերը և հավելել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցությունը զարգացնելու և պաշտոնական դարձնելու ծրագրեր ունի:
Հանս-Յոխեն Շմիդթը, ներկայացնելով իրենց նորանշանակ նախարարին, հույս է հայտնել, որ երկու երկրի առողջապահության նախարարների համագործակցությունը փոխշահավետ և արդյունավետ կլինի:
Առողջապահության, բժշկագիտության, կրթական ծրագրերի շուրջ զրուցելուն զուգընթաց, դեսպանն առաջարկել է իրականացնել փորձի փոխանակում, կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպում, տեխնիկական աջակցություն:
Դեսպանը հետաքրքրվել է նաև մեր երկրում մանկական արյունաբանության ծառայությամբ:
Նախարար Հարություն Քուշկյանն ընդգծել է, որ Հայաստանում արյունաբանության ոլորտում առաջատար է «Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որը ղեկավարում է պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը: Նախարարը նշել է, որ երկրում գործում է պետական ծրագիր, որը նպատակ ունի զարգացնելու և արդիականացնելու հիշյալ կենտրոնը, և մյուս բոլոր ծրագրերը պետք է համահունչ լինեն վերջինիս:
Կբերվի շտապօգնության 88 մեքենա
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմային:
Տեղեկացնենք, որ ծրագրվում է Հայաստանում արդիականացնել շտապօգնության ծառայությունը, որն իր մեջ ներառում է ավտոպարկի նորացում, որակյալ կապի ներդրում հանրապետության ողջ տարածքում, կենտրոնական դիսպետչերական ծառայության բարելավում, շտապօգնության մեքենաներում GPRS համակարգի տեղադրում, սարքավորումներով հագեցում:
Հարություն Քուշկյանը գործընկերոջը ներկայացրել է շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ընթացքը` իրականացված ու նախատեսվող աշխատանքները: Նախարարը մասնավորապես նշել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում ձեռք կբերվի շտապօգնության 88 մեքենա` հագեցած անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, որոնք մինչև տարեվերջ կտրվեն Երևանի և մարզերի համապատասխան հաստատություններին:
ԱՄՆ միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակից առողջապահության նախարարության ակնկալիքը կադրերի վերապատրաստմանն աջակցությունն է:
Ջաթինդեր Չիման անդրադառնալով առաջարկին` նշել է, որ մեկնարկող նոր ծրագրում արդեն իսկ նախատեսել են շտապօգնության ծառայությունում աշխատող մասնագետների վերապատրաստում, որը շարունակական բնույթ է կրելու:
Այսպիսով, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպելու, նոր ծրագրի դրույթները մանրամասն քննարկելու` հաշվի առնելով երկուստեք առաջարկները, և համագործակցությունը բնականոն շարունակելու:
Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը: