ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ընդունել է Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) ներկայացուցիչներին: Պատվիրակությունը գլխավորում էին «Մասնավոր հատվածի խթանումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ֆրենկ Թիբիթանզլը եւ GTZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը:

Ֆրենկ Թիբիթանզլն ավարտում է իր հայաստանյան առաքելությունը եւ ծրագիրն այսուհետ ղեկավարելու է Ջեյմս Մակբեթ Ֆորբսը:

Անդրադառնալով GTZ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, Հանձնաժողովի նախագահը բարձր գնահատեց այն ջանքերը, որ Ֆրենկ Թիբիթանզլը ներդրել է Հայաստանում մրցակցության պաշտպանության աջակցության գործում:
Վերջինը նշեց, որ բարձր է գնահատում Հանձնաժողովի աշխատանքը, քանի որ «այստեղ իրոք պատրաստակամություն կա դոնոր կազմակերպությունների հետ բաց եւ թափանցիկ աշխատելու, բոլոր խնդիրները լուծելու»:

GTZ-ի կողմից իրականացվող ծրագրերի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2013թ-ը, հետեւաբար արվածն ամփոփելուց զատ կողմերը քննարկվեցին նաեւ առաջիկա երկու տարիների ծրագրերը. Հանձնաժողովի մասնագետների վերապատրաստում, մշակման ընթացքում գտնվող գործողությունների ռազմավարական ծրագրին եւ օրենսդրական բարեփոխումներին փորձագիտական աջակցություն, հանրային իրազեկման նոր միջոցառումների համատեղ մշակում եւ իրականացում:

Հայտնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը: