Նախագահ Սերժ Սարգսյանն Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա անվանի երգչուհի, օպերային արվեստի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան մասին:
Արաքս Դավթյանի վսեմաշուք լիրիկական սոպրանոն նվաճեց աշխարհի օպերային հարթակները:

Երգարվեստի խստապահանջ երկրպագուները սրտատրոփ ակնկալում էին դասական երգացանկի նրա նորովի մեկնություններն Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի ամենաճանաչված դահլիճներում:

Արաքս Դավթյանի տաղանդը փայլատակեց ոչ միայն օպերային բեմերում և համերգասրահներում, այլև կինոյում, մանկավարժության բնագավառում:
Կորստի այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում Արաքս Դավթյանի հարազատներին և գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»:

Հիշեցնենք, որ Արաքս Դավթյանը հանկարծամահ է եղել Մոսկվայում 61 տարեկան հասակում: