Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` Նախագահ Սարգսյանն ասել է. ՙՌուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին՚:

Սերժ Սարգսյանը երկկողմ հարաբերությունների հիմնաքարերից է համարել Հայ առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ջերմ, բարեկամական հարաբերություններն ու ամուր հոգեւոր կապը:

Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարքը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին հյուրընկալության համար: Նա ասել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար անչափ կարեւոր է նաեւ մարդկային գործոնը:

Կիրիլ Առաջին պատրիարքի խոսքով` ՙքաղաքական գործիչները երկխոսություն են ծավալում քաղաքական մտքի, գործարարները` հանապազօրյա խնդիրների, իսկ հոգեւորականները` սրտի մակարդակով: Իսկ երբ վերջինին մասնակից են դառնում նաեւ բարձրագույն իշխանությունները, այդ երկխոսությունը ժողովուրդների ու երկրների համար մեծ նշանակություն է ունենում՚:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել հայ ժողովրդի եւ եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում:

ՀՀ Նախագահը, համայն Ռուսիո պատրիարքն ու Ամենայն հայոց կաթողիկոսը մտքեր են փոխանակել հասարակության հոգեւոր դաստիարակության ու կրթության գործում եկեղեցու դերի, երկու քույր եկեղեցիների միջեւ բարեկամական կապերի խորացման վերաբերյալ: