Այսօր առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը երկու Եկեղեցիների հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին:

Հուշահամալիրում երկու հովվապետերը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ Պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:

Աղոթքից հետո Հայրապետներն այցելեցին Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, ուր թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեցին ցուցասրահներում: Այնուհետև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը գրառում կատարեց հյուրերի հուշամատյանում:

Վերջում Կիրիլ Պատրիարքը ծառատունկ կատարեց Հիշողության պուրակում: