ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կատարեց Բեռլին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ:
Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները: Երկուստեք կարեւորվեց հիմնահարցի խաղաղ կարգավորումը` 2008թ. Հելսինկիում եւ 2009թ. Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդների հայտարարություններին համահունչ, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Նախարարներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, «Արեւելյան Գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցությանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը:
Հանդիպմանը քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նախարար Նալբանդյանը նշեց. «Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացի շարունակությունը եւ հաջողությունը, ապա պետք է զերծ մնա նախապայմանների լեզվով խոսելուց, ձգձգման արհեստական պատրվակներ փնտրելուց եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի արձանագրությունների վավերացման եւ իրականացման համար»: Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը հետամուտ է իր նախաձեռնությամբ սկսված գործընթացի առաջընթացին եւ նույնն ակնկալում է Թուրքիայից:
Նախարար Վեստերվելլեն նշեց, որ Գերմանիան ողջունել եւ աջակից է բոլոր ջանքերին, որոնք կբերեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը:
Բեռլինում նախարար Նալբանդյանն այցելեց նաեւ Բունդեստագ, ուր հանդիպում ունեցավ խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի եւ հանձնաժողովի անդամների հետ:
Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների` հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ռուպրեխտ Պոլենցը իր ղեկավարած հանձնաժողովի անունից մեծապես ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ հույս հայտնեց, որ այս պատմական առիթը բաց չի թողնվի եւ միջազգային հանրության ակնկալիքները կիրականան:
Նույն օրը երեկոյան ՀՀ արտգործնախարարը հյուրընկալվեց Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում:
Խոսելով Թուրքիայից վերջին օրերին հնչող հայտարարությունների մասին` նախարար Նալբանդյանն ասաց. «Այսօր Թուրքիայի կողմից հնչող անհիմն պնդումները, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, Շվեդիայի խորհրդարանում կամ այլուր քննարկվող եւ ընդունվող Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը կարող են իբրեւ թե վնաս հասցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդհամենը շղարշ են: Իրականում հենց Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու, կարգավորման ճանապարհին դժվարություններ եւ խոչընդոտներ ստեղծելու համար` դրանով իսկ հարցականի տակ դնելով ողջամիտ ժամկետներ հասկացության անգամ իմաստը»: Նախարարը հույս հայտնեց, որ Թուրքիան կգիտակցի իր ներկայիս գործելաոճի հետեւանքների պատասխանատվության ծանրությունը եւ հուսախաբ չի անի միջազգային հանրությանը:
Բեռլինում Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց գերմանական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսին:
Բեռլինից Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով ուղեւորվեց Փարիզ: