Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունը:
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ:
Նորանշանակ դեսպանը Հանրապետության Նախագահին հաղորդել է ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի ողջույնները:
Հանրապետության Նախագահն ու Չինաստանի դեսպանը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Նրանք նշել են, որ ավարտին է մոտենում ամենախոշոր նախագծերից մեկը` քլորոպրենային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկության կառուցումը, որի գործարկումը տնտեսական կապերի զարգացման համար լուրջ խթան կլինի:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Չինաստանի արդյունավետ գործակցությունը միջազգային կառույցներում, միմյանց խնդիրների նկատմամբ անկողմնակալ ու հավասարակշիռ դիրքորոշումը: