Ս.թ. մարտի 10-ին Չիլիի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով այդ երկրում գտնվող Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպեց Չիլիի նախագահ Միշել Բաչելետի հետ:

Դեսպան Կարմիրշալյանը նախագահ Բաչելետին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցությունները երկրում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով հարյուրավոր զոհերի կապակցությամբ, ինչպես նաեւ հայ ժողովրդի եւ Հայաստանի կառավարության զորակցությունը հայտնեց Չիլիի ժողովրդին եւ կառավարությանը:

Ս.թ. մարտի 11-ին Վլադիմիր Կարմիրշալյանը Չիլիի Վալպարաիսո քաղաքում ներկա գտնվեց նորընտիր նախագահ Սեբաստիան Պինյերայի երդմնակալության արարողությանը: Արարողությանը մասնակցում էին մի շարք երկրների նախագահներ, բազմաթիվ պատվիրակություններ այլ երկրներից եւ օտարերկրյա դիվանագետներ:

Մայրաքաղաք Սանտյագոյում դեսպան Կարմիրշալյանը այցելեց չիլիահայ համայնքի հավաքատեղի հանդիսացող «Հայ տունը»: Համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համագործակցությանը չիլիահայ համայնքի առավել ակտիվ մասնակցության հնարավորությունները: