Սերժ Սարգսյանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել Մհեր ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՆ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն ԵՐԻՑՅԱՆԸ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ
/կենսագրական տվյալներ/
Ծնվել է1960թ. Երեւան քաղաքում:
1978թ. ավարտել է Երեւանի թիվ 12 միջնակարգ դպրոցը:
1979-1981թթ. ծառայել է Զինված ուժերում:

ՀՀ ոստիկանությունում ծառայում է 1982թ-ի օգոստոս ամսից:
1984-4986թթ. սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոցում:

1987-1990թթ. ուսանել եւ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը եւ ծառայությունը շարունակել Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորի, ավագ օպերլիազորի, բաժանմունքի պետի պաշտոններում:

Ծառայության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ` Խորհրդային ՆԳ բաժնի պետի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի, նույն վարչության պետի, Կոտայքի մարզային վարչության պետի, իսկ 1999թ-ի օգոստոս ամսից` կրկին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնները: 2001թ. օգոստոս ամսին նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին, 09.01.2003թ-ից` ՀՀ ոստիկանության պետի տեղակալի, իսկ 04.06.2008թ-ից` ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:

2000թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Արիության մեդալով, 2006թ-ին` ՙՀասարակական կարգի գերազանց պահպանման համար՚ մեդալով եւ նույն թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՙՄխիթար Գոշ՚ մեդալով:
Ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների եւ 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Դասավանդում է Երեւանի պետական համալսարանում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նաեւ Գուրգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնից ազատելու եւ Մանուկ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ:

ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

/կենսագրական տվյալներ/
Ծնվել է 1961թ-ին Գյումրի քաղաքում:

1978թ-ին ավարտել է Երեւանի N 159 միջնակարգ դպրոցը:
1983թ. ավարտել է Մոսկվայի Հողաշինարարական ինստիտուտը:
1983-1985թթ. աշխատել է ՚Հայպետհողշիննախագիծ՚ ինստիտուտում: Այնուհետեւ
Հրազդանի շրջխորհրդի գործկոմում` որպես գլխավոր ինժեներ-հողաշինարար:

1995թ-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունում` որպես կադաստրի վարչության պետ:
1997-2009թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:
Զինապարտ է:

Ունի տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով/2003թ./: 2002թ. ՀՀ վարչապետի կողմից ստացել է շնորհակալագիր, իսկ 2006թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր:

* * *
Նախագահի հրամանգրերով Արմեն ԵՐԻՑՅԱՆՆ ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի, իսկ Մանուկ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից: