Կառավարությունը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին թույլատրել է ընկերության արտադրական կարիքների համար մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել 1500 տոննա ցիանական նատրիում, քանի որ այն Հայաստանում չի արտադրվում։
Հաստատեց կարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը։
«Արի տուն»
Կառավարությունը հավանություն է տվել Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թ. ծրագրին եւ միջոցառումների ցանկին։ Ծրագիրը մեկնարկում է 2010 թ. մայիսին եւ շարունակվելու է մինչեւ նոյեմբեր, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-20 տարեկան մինչեւ 600 երիտասարդներ երկու շաբաթով կհյուրընկալվեն Հայաստանի ընտանիքներում։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները եւ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը։
Երբ հայտնի չէ տեղը
Հավանություն է ստացել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նպատակահարմար է համարվում Երեւան քաղաքում քաղաքացիական եւ վարչական գործերով պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանի կողմից հայցադիմումն ուղարկել Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին։
Սկզբունքային առարկություն չունի
Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:
Այն առաջարկում է դատական պատժամիջոցներ կիրառել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու եւ այլնի համար։
Գործադիրը փաթեթի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի մատնանշել։
Փոխհատուցում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Կարապետյանն ընդդեմ Հայաստանի», «Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» գանգատներով կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդից ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել համապատասխանաբար 7500 եվրոյին, 2200 եվրոյին եւ 1745 եվրոյին համարժեք դրամ։