Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել ՙՀյուսիս-Հարավ՚ ճանապարհի շինարարությանը: Վարչապետը նշել է, որ ՙՀյուսիս-Հարավ՚ մայրուղու կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից մեկն է:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել ԾԻԳ-ի ստեղծմանը, որը պետք է համակարգի Ասիական զարգացման բանկի մասնակցությամբ իրականացվելիք շինարարությունը Հայաստանում:

Վարչապետն անդրադարձել է «Զվարթնոցում» ազատ տնտեսական գոտու ստեղծմանը եւ գյուղմթերքների մեծածախ ցանցի ձեւավորմանը եւ ընդգծել դրանում Ասիական զարգացման բանկի օժանդակության կարեւորությունը:

Կողմերը քննարկել են նաեւ երկաթուղու կառուցման եւ Երեւանում տրանսպորտային հաղորդակցության զարգացման ծրագրերը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարական է ստացել ընթացիկ տարվա համար արտահանմանն ուղղված համալիր ծրագիր ներկայացնել կառավարությանը: Վարչապետը հույս է հայտնել, որ Ասիական զարգացման բանկի մասնագետների ներգրավումն այդ ծրագրում կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Փոխադարձաբար կարեւորվել է տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ դրանցում Ասիական զարգացման բանկի մասնակցությունը: