Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին:

Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` վարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն:
Տիգրան Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին եւ կխթանի դրանց հետագա զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Լեհաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Արեւելյան Գործընկերության» ծրագրին` այն համարելով փոխհամագործակցության ընդլայնման ամուր հիմք:
Կողմերն անդրադարձել են «Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը եւ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: