Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 4- 5-ը կայցելի Թուրքիա:

Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության` Ստամբուլ քաղաքում տեղի կունենա Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպումը։

Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը:

Հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվի Աֆղանստանի համար նախատեսված անցումային ռազմավարությունը, աֆղան ժողովրդի կարողությունների զարգացումը, Աֆղանստանի անվտանգության ուժերի կազմավորումը, պետական կառավարման ինտիտուտների բարելավման և Աֆղանստանի հարևանների հետ համագործակցության հստակեցման վերաբերյալ հարցեր:

Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ եւ կայցելի Կ. Պոլսի հայոց պատրիարքարան: