Գլխավոր դատախազության հաղորդագրությունը.
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու և երկու մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության 1-ին կարգի մասնագետ Վահե Դավթյանը 2009թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 02-ի սահմաններում, գտնվելով միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով «Պորշ» մակնիշի, 54ՍՍ555 պետհամարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 18,65,66 կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ ավտոմեքենան վարելով տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ և նախապես չընտրելով ավտոմեքենայի շարժման նկատմամբ լիարժեք կառավարման հնարավորությունն ապահովող սահուն ռեժիմ ու լուսացույցի արգելող՝ կարմիր լույսի ազդանշանի պայմաններում մուտք գործելով Գայի պողոտա և Ն.Ստեփանյան փողոցի խաչմերուկ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և իրեն զրկելով ճանապարհա-տրանսպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ընդհարվել է «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ2795 պետհամարանիշի ավտոմեքենային, որից հետո, ընթանալով դեպի աջ, ընդհարվել է ճանապարահի աջ կողմում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ 2813, «ՎԱԶ 2107» մակնիշի, Տ2815 և «ՎԱԶ 11183» մակնիշի, Տ2820 պետհամարանիշների ավտոմեքենաներին, որի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարդգես Պետրոսյանն և ուղևոր Հովհաննես Խաչատուրյանը տեղում մահացել են:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: