Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՙՄեսրոպ Մաշտոց՚ արշավախմբի ղեկավար Զորի Բալայանին, ՙԱրմենիա՚ առագաստանավի նավապետ Սամվել Կարապետյանին, ՙԱրմենիա՚ առագաստանավի անձնակազմին:

ՙԱրդեն յոթ ամիս է, ինչ դուք նավարկում եք ծովերով եւ օվկիանոսներով: Այդ ընթացքում, մեր ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, հայկական առագաստանավը հատեց Ատլանտյան օվկիանոսը: Անցնելով Պանամայի նեղուցը` դուրս եկաք Խաղաղ օվկիանոս` այցելելու Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին: Դուք այցելեցիք Բրազիլիայի, Ուրուգվայի եւ Արգենտինայի հայկական համայնքներ, որտեղ եւ ավարտեցիք ձեր նավարկության առաջին փուլը` հետեւում թողնելով հասարակածին հավասար հեռավորություն:
Խորհրդանշական է, որ նավարկությունն իրականացվում է հայերիս համար նվիրական ՙՄեսրոպ Մաշտոց՚ անվան ներքո` մեր ժողովրդի հոգեւոր ու մշակութային ժառանգության շուրջ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու ազնիվ առաքելությամբ:
Մաղթում եմ ձեզ այս աննախադեպ նավարկության բարեհաջող շարունակություն եւ բարի վերադարձ՚,-ասված է ուղերձում: