Նախագահ Սերժ Սարգսյանին  այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեն:

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ' Նախագահ Սարգսյանն ասել է. ՙՄենք անցել ենք շատ երկար պատմական ճանապարհ, եւ մեր նախկին հարաբերությունները մեզ պարտավորեցնում են ավելի ամուր բարեկամանալ ու ավելի սերտ համագործակցել: Մեր հարաբերությունների այսօրվա մակարդակը, իհարկե, շատ բարձր է, բայց դրանք մշտապես ուշադրության եւ կատարելագործման կարիք ունեն: Այդ  իսկ պատճառով մեր պետությունների դեսպանները պետք է շատ ինտեսնիվորեն աշխատեն: Կարծում եմ, մենք մեր հնարավորությունների ողջ ներուժը  չենք օգտագործել, եւ կարող ենք բացել փոխգործակցության նոր հեռանկարներ՚:

Դեսպան Տաբատաձեի խոսքով' Նախագահ Սաակաշվիլին եւս մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ գտնում է, որ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն: Նա միաժամանակ ասել է, որ  իր երկրի քաղաքական ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի Նախագահի տեսլականը' համարելով, որ նա այն քաղաքական գործիչն է, ով նայում է ապագային' չմոռանալով անցյալը:

Հանրապետության Նախագահը եւ դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների ու երկխոսության միջոցով:

Կողմերն անդրադարձել են  նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ օրակարգային հարցերին եւ համատեղ  միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման գործում եւ ասել, որ գործունեության ընթացքում նա ամենայն աջակցություն կստանա պետական մարմինների կողմից: Դեսպան Տաբատաձեն իր հերթին նշել է, որ տրամադրված է ակտիվ աշխատանքի: