ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը շարունակում է կարագի իրացման ծավալներով պահպանել գերիշխող դիրքը:

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստին պարզվեց, որ չնայած պակասել են շուկայի գերիշխող «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից իրացվող կարագի ծավալները, սակայն ընկերությունը պահպանել է գերիշխող դիրքը 35.04 տոկոսով (նախկինում` 47.85 %):

Հանձնաժողովն այսօր քննարկել է նաեւ «Բիսկվիտ-Շոկոլադ» կորպորացիայի (որի մեջ է մտնում «Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկան») եւ «ԱՎԿ» ընկերության դիմումները:

«Բիսկվիտ-Շոկոլադը» հայտնել է, որ իրենց կողմից Հայաստան են ներկրվել մի շարք արտադրատեսակներ, որից հետո «Գրանդ Քենդիի» կողմից «արտոնագրվել են կորպորացիայի մեջ մտնող ընկերություններին սեփականության իրավունքով պատկանող մի շարք ապրանքային նշաններ, այնուհետեւ գրությամբ նշել, որ կորպորացիայի կողմից ապօրինաբար օգտագործվում են իրենց ընկերությանը («Գրանդ Քենդիին») սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանները, պահանջելով դադարեցնել ներմուծումը, իրացումը եւ գովազդը»:

«ԱՎԿ»-ի դեպքում նույն խնդրով «Գրանդ Քենդին» դիմել է ինչպես ընկերությանը, այնպես էլ Հանձնաժողով եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանին:

Հարուցված վարույթի ընթացքում ընկերությունների կողմից ներկայացվել են մի շարք փաստաթղթեր: Ներմուծողները գտնում են, որ ապրանքանիշերի օգտագործման իրավունքն իրենց է պատկանում, քանի որ ավելի վաղ են այն օգտագործել, իսկ արտադրողը պնդում է, որ ապրանքանիշերի օգտագործման իրավունքն իրեն է պատկանում, քանի որ գրանցել է սեփականության իրավունքը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից Հանձնաժողով ներկայացված եզրակացության համաձայն, նյութերում հիշատակված ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքը, համաձայն «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի, ապրանքանիշի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագել է դրանց իրավական պահպանություն տրամադրելու պահից եւ պատկանում է սեփականատիրոջը` «Գրանդ Քենդիին»:

Հաշվի առնելով, որ բարձրացված հարցերը կարգավորվում են «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքով, Հանձնաժողովն այսօր դադարեցրել է վարույթները:

Ի դեպ, հանձնաժողովի որոշմամբ դեղորայքի շուկայում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ եւս դադարեցվել է վարույթը, որ հարուցվել էր նոյեմբերին` հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ: Վարույթի ընթացքում չի հաստատվել այդ ընկերությունների մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը: