Այսօր Երեւանում սկսվել է «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումը:
Միջոցառմանը հատուկ հրավիրված հյուրի կարգավիճակով մասնակցում են Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի նախկին առաջին տեղակալ Սերգեյ Ալեքսաշենկոն, ՌԴ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը, Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահի նախկին տեղակալ Ֆաթիհ Օզաթայը, Հունգարիայի ֆինանսների նախկին նախարար Լայոշ Բոկրոշը, Արաբական Միացյալ Էմիրությունների S.P. Jain Management դպրոցի պրոֆեսոր Արինդամ Բանրջին, և այլոք: Ֆորումի շրջանակներում նախատեսվում է կլոր սեղան' ՀՀ գործող եւ նախկին վարչապետերի մասնակցությամբ:
Ֆորումը կազմակերպել է Policy Forum Armenia կազմակերպությունը, որը շահույթ չհետապնդող անկախ միություն է՝ գրանցված Վաշինգթոնում (ԱՄՆ):
Կազմակերպությունը նպատակ ունի երկխոսություն ծավալել Հայաստանի տնտեսական զարգացման ու ազգային անվտանգության հարցերի շուրջ ու դրանով իսկ օգնել Հայաստանի պետական քաղաքականության ձևավորմանը:
«Ներկայումս բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու հեղինակավոր տնտեսագետները կանխատեսում են խորը և երկարատև տնտեսական անկում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Մյուս երկրների հետ Հայաստանը նույնպես զերծ չի մնում այդ գործընթացների հետևանքներից: Ավելին, բացասական հետևանքները կարող են է՛լ ավելի խորը լինել առևտրային հիմնական գործընկեր և դրամական փոխանցումների աղբյուր հանդիսացող երկրների տնտեսական ծանր անկման պատճառով»,-ասաված է Policy Forum Armenia-ի մամլո հաղորդագրության մեջ:
Ֆորումից մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ: