Բ. Սահակյան.«Վճարել ենք ուխտագնացության համար»

20:19 | Օգոստոս 22, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաջիկն ո՞ւր է»,- Հադրութի վարչական շրջանի Դուդուկչիի գյուղապետարանի առաջ հավաքվածներին դիմելով՝ ասում է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։
Առաջ է գալիս մի երիտասարդ ու ողջագուրվում գեներալ-լեյտենանտի հետ։
Մի քանի մետր այն կողմ, գրադարանի դռան մոտ թոռների հետ կանգած է
Քաջիկի մայրը, ով առաջ է գալիս՝ սեղմելու համար գեներալի ձեռքը։

«Ա1+»-ի հետ զրույցում կինը պատմում է, թե պատերազմի տարիներին Քաջիկը փոքր տղա էր, եւ ամեն օր հաց էր տանում 5-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանին եւ նրա կնոջը՝ Նազիկին։

Դուդուկչուն Էդիլլու ձորակի վերջին գյուղն է, ուր այցելեցին 5-րդ մոտոհրաձգային բրիգադի տղաները, ովքեր պայքարել էին այդ բնակավայրերի պաշտպանության եւ ազատագրման համար։

Բրիգադը կազմավորման օրվանից՝ 1992 թվականի նոյեմբերից եղել է Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում, ազատագրել Արցախի ավելի քան 50 բնակավայրեր:

Հադրութի գյուղեր տանող ճանապարհը ոլորապտույտ է ու փոշոտ. փոշու ամպը թույլ չի տալիս անգամ պատուհանները բաց երթեւեկելը։

Ամառվա այս օրերին Հադրութում սպասում են 5-րդ բրիգադի մարտիկներին ոչ միայն նրանց մարտական ընկերները, այլեւ այն բոլոր բնակիչները, որոնք հրացան չբռնելով հանդերձ՝ ազատամարտի մասնակիցներ են։

Բոլոր գյուղերում սեղաններ էին բացվել, եւ առաջին կենացը բարձրացվում էր հայրենի հողի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Ու մինչ տեղաբնակ տղամարդիկ օղու բաժակներն են բարձրացնում, սեղաններից մի քանի մետր այն կողմ կանգնած կանայք ու երեխաները, դեմքի տարբեր արտահայտությամբ, հետեւում են նրանց։

«Օխտը երեխա եմ կորցրել»,- լացակումած ասաց իր դռան շեմին նստած մի տատիկ, որը հազիվ էր քայլում, տեսնում եւ խոսում։

«Պատերազմները ոչ մեկին օգուտ կամ լավ բանի չեն բերել, ընդհանրապես պատերազմը շատ վատ բան է, բայց մեր տարածաշրջանը մեզ թույլ չի տալիս միշտ մարտունակ, միշտ միասնական չլինել»,- արդեն ուխտագնացության մայր միջոցառման ժամանակ հայտարարեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը։ Դիմելով իր կողքին նստած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե հավատում է նրան ու Սերժ Ազատիչին ինչպես ինքն իրեն, քանի որ նրանք ջանքեր են ներդնում երկիրն առաջ տանելու համար։

Բակո Սահակյանն իր ելույթում հայտարարեց, որ այս ուխտագնացության համար մեր ժողովուրդը վճարել է արյան գնով, վճարել է սրբավայրեր ունենալու համար։

Նա ասաց, թե «տեսնում է, որ Երկրապահը հավատարիմ է այն գաղափարներին, որոնցով սկսել է իր ճանապարհը՝ մեր հայրենիքի ողբերգությունը մեղմելու համար»։

Երկրապահ կամավորական միության՝ օգոստոսի 10-ից սեպտեմբերի 2-ը Արցախ ավանդական ուխտագնացության մայր միջոցառումը տեղի ունեցավ Հադրութ վարչական շրջանի Տողաձորի ջրաշխարհի տարածքում։
Ջրաշխարհը պատկանում է ԵԿՄ վարչության անդամ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրաժեշտից առաջ Մանվել Գրիգորյանի հետ պարեց ուխտավորների հետ, դիտեց հրավառությունը։

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ արցախցի ազատամարտիկները, հարակից գյուղերի բնակիչները, երեխաներ։

Ի դեպ, ուխտավորները ծաղիկներ դրեցին ոչ միայն Հադրութում նահատակված իրենց ընկերների հուշակոթողներին, այլեւ Մարտակերտի տարածաշրջանում զոհվածների շիրիմներին։ 5-րդ մոտոհրաձգային բրիգադն այստեղով էլ է «անցել»։

Մայր միջոցառման հաջորդ օրը ուխտավորները՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին Մարտակերտի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան-կոթողին, զոհված ազատամարտիկների հուշարձան պանթեոնում, այցելեցին Արցախյան պատերազմի փառքի թանգարան։

Շարասյունն ուղեւորվեց Հայաստան՝ մինչ այդ Շուշիում ծաղիկներ դնելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։ Իսկ Սուրբ Ղազանչոց վանքում վառվեցին մոմեր նաեւ ազատամարտի զոհերի հոգու հանգստության համար։

Շուշիում անձրեւում էր։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100