2013-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չի մասնակցելու Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու գործին,-ասում է «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Ըստ նրա, վերջին 4 տարվա սխալների պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանը դադարել է իշխանության համար լինել սպառնալիք։ 2008-ի նախագահի ընտրություններին նրա համակիրների հսկայական բանակը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամի կարծիքով, այսօր գոյություն չունի. «Մեր խնդիրն է օր առաջ քաղաքական նոր ծանրության կենտրոն ձեւավորելը, որ նորից մեր ժողովուրդը տեղ ունենա համախմբվելու»։
Այդ ծանրության կենտրոնում պարոն Սեֆիլյանն այլեւս չի տեսնում քաղաքական դաշտում այսօր դրսեւորվող մի շարք գործիչների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին։
Պարոն Սեֆիլյանը այդ ծանրության կենտրոնում պատկերացնում է ազնիվ, մաքուր, անկեղծ մարդկանց, որոնց իշխանությունը չի կարող գնել կամ վաճառել. «Էս տարիների ընթացքին գլխավոր կաշառակերները եղել են կուսակցական գործիչները, նրանք են, որ մեր ժողովրդին հասցրել են էս վիճակին»։
Նախկին ազատամարտիկն ազնիվ գործիչների տեսնում է նաեւ կուսակցությունների մեջ, առայժմ անուններ չի տա. «Մի քանի հոգի, որոնք գտնվում են այդ դաշտում, որոնցից մի քանիսը գտնվում են խորհրդարանի ներսում»։
Այսօր նա ուզում է, որ բոլորն իմանան՝ ԲՀԿ-ում որոշումներ ընդունում է Սերժ Սարգսյանը եւ չարժե այդ կուսակցությանը որպես ընդդիմություն ընդունել, իսկ 2013-ին Սերժ Սարգսյանը կրկին կդառնա նախագահ, եթե ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն։

