«Փոշմանել եմ, որ դրան պատգամավոր եմ դարձրել»

18:46 | Հուլիս 25, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել է ՀՀԿ անդամ, Գյումրիից ԱԺ պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբայանի  panorama-ին տված հարցազրույցին։

Նա ասել էր. «Աշոտ Աղաբաբյանի կարծիքով, Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ի համար ոչ թե սպառված ռեսուրս է, այլ «երբեք էլ ռեսուրս չի եղել, նա ընդամենը եղել է ռիթմից հետ ընկած մեկը, ով մարզում իսկի կուսակցաշինությամբ էլ չի զբաղվել՝ տարիներ շարունակ լինելով Գյումրու ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար»:

Վարդան Ղուկասյանի նամակը.
«Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ ՛՛ Հրազդան՛՛ մարզադաշտը:

Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել:

Աշխարհիկ հաճույքները նրան հասցրել են այն աստիճանի, որ ինքն իրեն ժամանակից շուտ թոշակի է ուղարկել, այլապես թերթից թերթ թռնելով, զառանցանքներ չէր արտահայտի:

Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ Աջափնյակում ոնց են մարդիկ իրեն ատում: Եթե հեղինակություն ուենենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետևում պահ չէր մտնի:
Մորուք պահելով, պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա, ես ամեն ինչ կանեմ, որ մարդիկ քո իսկական անդեմ կերպը տեսնեն՝ առանց մորուքի:

Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ այդ հոգեբանությամբ էլ մնացիր, դռներս չոքած էիր, ընտանիքիդ անդամների հետ ՛՛Օազիսում՛՛ շնորհակալություն էիր հայտնում, որ ես քեզ օգնեցի պատգամավոր դառնալ:

Մոռացել ես ոնց էիր ընկել ոտքերս ու խնդրում էիր, թե պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ չբողոքարկի ընտրությունների արդյունքները:

Լսիր դու, այ չար, ես նախկինում էլ , հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ, կմնամ այն մարդը, ինչ եղել եմ: Բայց քեզ նմանները, որոնք անգամ հրապարակային ծեծվելուց չեն ամաչել, ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ խայտառակել ու խայտառակում են կուսակցությունը, Ազգային Ժողովը և հայ մարդու կերպարը:

Դու ինչ ես արել Գյումրու համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց:
Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա:

Դու իսկական Վասակյան ես, դու ինչ Աղաբաբյան:

Դեռ այսքանը:

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Հ.Գ.
Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա և դրա գերդաստանի աղերսանքներին և աջակցեցի: Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ:

Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու իրավունք ունեմ»:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100