ՀԱԿ-ը «Հարսնաքարի» դեպքերի հարցով խորհրդարանական ստորագրահավաքի ձախողման իր բացատրություններն ունի։
«Ամառ է, արձակուրդ էին շատ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ բացակայում էին»,- ասում է Գագիկ Ջհանգիրյանը։
Նա տեղի ունեցածը ձախողում չի համարում։ Կարեւորը, որ մի հասարակական հնչեղություն ունեցող հարցի առիթով 4 քաղաքական ուժ միավորվեցին. «Դիմացը նաեւ աշուն է, հետո ձմեռ է»։
Աշնանը Կոնգրեսը կնախաձեռնի նոր ստորագրահավաք արձակուրդից վերադարձած ընդդիմադիր պատգամավորների շրջանում։ Կոնգրեսը փորձելու է հավաքել 44 ստորագրություն
Գագիկ Ջհանգիրյանը զուտ իրավաբանական հիմնավորումներով ԲՀԿ-ին համարում է ընդդիմադիր քաղաքական ուժ՝ ԲՀԿ-ն կանոնակարգով ընդդիմադիր է. «Ուրիշ տարբերակ էլ չկա, նա պարտավոր է ընդդիմադիր լինել»։
Ի դեպ, ի՞նչն է խանգարում Կոնգրեսին ամառային արձակուրդներից հետո «Հարսնաքարի» հարցով ստորագրահավաք նախաձեռնելուն զուգահեռ կազմակերպել նաեւ ստորագրահավաք իմպիչմենտի հարցով։ Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, երաշխիք չկա, որ կհաջողվեն.
«Մենք մեկ-երկու դեպքում եթե ունենանք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության հաջողություն տարբեր հարցերի շուրջ, հետո չեմ բացառում, որ կնախաձեռնենք նաեւ իմպիչմենտի ստորագրահավաքը»։

