ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար»-ի գործով հուլիսի 6-ին որպես վկա հարցաքննվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Այս մասին այսօր հայտարարեց վարչության հատկապես կարեւորագույն գործերով բաժնի պետ Արսեն Այվազյանը` ավելացնելով նաեւ, որ ոչ տուժողները, ոչ մեղադրյալները, ոչ էլ վկաներն իրենց ցուցմունքներում Ռուբեն Հայրապետյանի մասնակցության վերաբերյալ որեւէ տվյալ չեն հայտնել: «Մենք քրեական գործով չունենք գեթ մեկ ապացույց, որը կվկայի Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը կամ առնչությունը կատարված հանցագործությանը», - ասաց Արսեն Այվազյանը։
Հունիսի 17-ին, երբ «Հարսնաքար»-ի աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկներին, ըստ Արսեն Այվազյանի, Ռուբեն Հայրապետյանն այնտեղ չի եղել. «Ռուբեն Հայրապետյանն այդ օրը եղել է Սեւանում, ժամը 19:00-ի սահմաններում նա Սեւանից վերադարձել է Երեւան, այցելել Հարսանաքար» ռեստորանային համալիր, մնացել այնտեղ մոտ կես ժամ, որից հետո նա մեկնել է հարեւանությամբ գտնվող Ֆուտբոլի ակադեմիա: Դեպքի պահին նա այնտեղ չի եղել»:
Հայտնի է, որ Ռուբեն Հայրապետյանը քավորսանիկական հարաբերություններ ունի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի հետ։ Չնայած սրան՝ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով բաժնի պետը վստահեցնում է. «Նախաքննական մարմնի վրա որեւէ ճնշում չկա, չի էլ եղել: Քննչական գլխավոր վարչությունը որեւէ առնչություն չունի ձեր նշած ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի ղեկավարած ստորաբաժանման հետ, մենք ինքնուրույն ստորաբաժանում ենք»։
Ինչ վերաբերում է ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկած եւ նրանցից Վահե Ավետյանին մահվան հասցրած ռեստորանի աշխատակիցներին, ապա, Արսեն Այվազյանի վստահեցմամբ, նրանց մեջ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից ոչ ոք չի եղել. «Անվտանգության աշխատակիցներից ոմանք որոշ առիթների դեպքում երբեմն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին»:
Ի դեպ, դեպքի առիթով կալանավորված 6 անձանց առաջադրված մեղադրանքով սպառնում է 5-10 տարի ազատազրկում, սակայն այս պահին դեռ նախաքննությունը չի ավարտվել:

