ԵԽԽՎ նախկին նախագահ, թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեւլութ Չավուշօղլուն «Salamnews»-ին ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում ավելի վտանգավոր է, քան իր նախորդը՝ Սարկոզին։
«Հենց Օլանդի կուսակցությունն էր առաջարկել Սենատի օրակարգ մտցնել օրինագծի քննարկումը։ Չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի օրինագիծն առաջին անգամ առաջարկել է Նիկոլա Սարկոզին, քվեարկության ժամանակ ամենաշատ ձայները Օլանդի կուսակցության կողմից ընտրված պատգամավորների ձայներն էին։ Օլանդը խոստացել է, որ կնդունի այդ օրինագիծը և հիմա փորձում է այն իրականացնել», -նշել է Չավուշօղլուն։
Ի դեպ, թուրքական «Զաման» օրաթերթը տեղեկացրել է, որ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանի օրակարգ մտցնել։
Այդ մասին անձամբ Օլանդը հայտնել է ֆրանսահայ միությունները համակարգող հանձնաժողովի փոխնախագահին։

