ՀՀԿ-ն դեմ է քաղաքական ուժերի նախաձեռնությանը

01:20 | Հուլիս 06, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ հանրապետական խմբակցությունը չի միանա խորհրդարանական մյուս խմբակցությունների` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, Ժառանգության եւ ԲՀԿ-ի առաջարկին` "Հարսնաքարի" գործը քննող պատասխանատու իրավապահների հետ ԱԺ-ում հանդիպում կազմակերպելու եւ գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի առթիվ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ:

Ավելին` ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դատապարտում է "էժան դիվիդենտներ շահելու քաղաքական ուժերի այդ գործելաոճը" եւ հայտարարում, որ Ռուբեն Հայրապետյանը բարոյական պատասխանատվություն կրել է` մանդատը վայր դնելու մասին հայտարարություն անելով: Ներկայացնում ենք մեր զրուցը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

- ԱԺ խմբակցությունները` ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, դիմել են ԱԺ նախագահին "Հարսնաքարի" դեպքի քննությանը հետեւելու եւ քննության ղեկավարների հետհանդիպելու համար, ինչո ՞ւ հանրապետականը չի միացել այդ նախաձեռնությանը, եթե արդար քննության կողմնակից է:

- Ես դեմ եմ ցանկացած դժբախտ դեպք այսպես քաղաքականացնելուն եւ շահարկելուն, էժան դիվիդենտներ շահելուն : Երկրորդ`խնդիրը բարոյական եւ իրավական հարթությունում է:

Բարոյական հարթությունում ընդունում ենք, որ բոլորս պետք է դատապարտենք եւ անհանդուրժող լինենք նման բարբարոսության նկատմամբ: Երկրորդ` կա իրավական դաշտ եւ ժողովրդավարական երկրներում խնդիրնեը լուծվում են իրավական դաշտում: Որեւէ մեկն իրավունք չունի իր վրա վերցնելու դատական ատյանների ֆունկցիաները:

Ոստիկանապետը հայտարարել է, որ խնդիրը պետք է բացառապես լինի թափանցիկ եւ օրենքի ողջ խստությամբ պետք է մեղավորները պատժվեն: Լսումներ կազմակերպելու իրավունքը կուսակցություններին տրված չէ, ոչ էլ խմբակցությունների: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` լսումներ հրավիրելու իրավունքը տրված է ԱԺ հանձնաժողովներն, որոնք առաջարկը տալիս են ԱԺ նախագահին, որն էլ որոշում է կայացնում: Ավելի տրամաբանական կլիներ հանդիպում, լսումներ պահանջել, եթե մենք տեսնեինք, որ իրավապահ մարմինները թերանում եմ իրենց իրականացրած աշխատանքում:

Այսօր որեւէ կասկած եւ փաստ չկա, որ իրավապահ մարմինները ուզում են կոծկել այս գործը, որովհետեւ կան կալանավորվածներ: Գնում է նախաքննություն եւնախաքննության շահերից ելնելով կա գաղտնիություն: Իսկ քննությանը հետեւելու առումով, մինչեւ իրենց իսկ հայտարարությունը, ոստիկանությունը հայտարարել է, որ ամեն ինչ պետք է գնա օրենքներին համապատասխան, ամեն ինչ պետք է լինի թափանցիկ եւ հրապարակային: Ես ՀՀ ոստիկանության եւ Վլադիմիր Գասպարյանի ասածներին չհավատալու հիմքեր եւ կասկածներ չունեմ :

- Իսկ մեր հասարակությունն ունի ոստիկանությանը չհավատալու հիմքեր, որովհետեւ երեք տարի առաջ «Ադնակլասնիկի » սրճարանում հայտնի սպանության դեպքով ՀՀԿ-ականպատգամավոր Լեւոն Սարգսյանը պատասխան չտվեց, թեեւ անմիջապես սպանության վայրում էր եղել, մարտի 1-ի 10 զոհերի գործը չբացահայտվեց, Պապլավոկում Պողոս Պողոսյանի սպանության համար նախագահի թիկնապահը պայմանական պատիժ կրեց:

- Մենք խոսում ենք կոնկրետ այս դեպքի մասին: Կան կալանավորվածներ, հանցագործությունն իրականացրած դեմքեր: Գնում է քննություն: Խնդիրը պետք է լուծվի իրավականհարթությունում: Երբ որ ոստիկանությունը թափանցիկ չի լինի եւ իր խոսքն ու գործը կտարբերվի, էն ժամանակ մենք կարող ենք բողոքել: Ես հասկանում է հասարակության էմոցիաները,պահանջները, ես չեմ հասկանում որոշ քաղաքական ուժերի նման գործելաոճը:

- Քաղաքացիները հավաքվել էին ԱԺ-ի դիմաց եւ պահանջում էին, որ Ռուբեն Հայրապետյանը քրեական պատասխանատվության ենթարկվի, Դուք կուզենա՞ք, որ նա պատասխանատվության ենթարկվի:

- Ես կուզենամ մի բան, որ այս դեպքի հետ կապված եւ բոլոր դեպքերի հետ կապված բոլոր մեղավորները պատժվեն, եւ բոլոր անմեղների վրա էլ ցեխ չշպրտեն: ...Եթե որեւէ մեկը ունի փաստեր, որ Ռուբեն Հայրապետյանը կամ ինչ-որ մի հանրապետական պատգամավոր օրենքը խախտել է, նախ եւ առաջ պետք է գնա եւ վկայություն տա:

- Այսօր հստակ է, որ կալանավորվածների մեջ կան Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ եւ դա ոստիկանությունն էլ չի հերքում:

- Ես օգնական ունեմ, եթե իմ օգնականը մի տեղ օրենք է խախտել, ես կարող եմ բարոյական պատասանատվություն կրել: Բարոյական պատասխանատվությունն այն է, որ Հայրապետյանը որոշեց մանդատը վայր դնել: Բայց իրավական պատասխանատվության կանչելու համար պետք են փաստեր: Մինչեւ էս պահը բացի անլուրջ խոսակցությունից ես փաստեր չեմ տեսել:

- Այսինքն` ըստ ՀՀԿ-ի, Ռուբեն Հայրապետյանի պատասանատվության հարցը կփակվի հրաժարականո ՞վ:

- Հարցը պետք է լուծվի օրենքի սահմաններում: Իսկ եթե քաղաքացիները գտնում են, որ Հայրապետյանը Ռուբենը մեղավոր է, թող ներկայացնեն փաստեր: Եթե չունեն փաստեր, թող չզրպարտեն:

- Փաստորեն Ռուբեն Հայրապետյանն ԱԺ պատգամավոր եւ անձեռնմխելի է մնում մինչեւ սեպտեմբեր:

- Բայց իրան ո՞վ է ինչ որ բանի մեջ մեղադրում, որ մի հատ էլ անձեռնմխելիության հարց եք դնում: Իրա մեղքը որն ա ՞ :

- Ասել է թե` թիկնապահները կարող էին ինքնագլուխ խմբով գնալ ու մարդ ծեծե ՞լ ռեստորանում:

- Ոչ, չէին կարող, դրա համար էլ կա նախաքննություն:

- Հանրապետականը քննարկե՞լ է հասարակական հնչեղություն ստացած Հարսնաքարի դեպքը եւ ինչ գնահատական է եղել:

- Հանրապետության նախագահը, որ նաեւ կուսակցության նախագահն է, քննարկել է այդ հարցը Հայրապետյան Ռուբենի հետ, դրանից բարձր ատյան չկա մեր կուսակցությունում: Արդյունքում Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի հայտարարություն է տարածել:

- Իսկ ճի՞շտ է, որ Հայրապետյանի հայտարարության տեքստը նախագահականում է հաստատվել:

- Դա Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն է, որին ես հարգանքով եմ մոտենում:

Զրուցեց Մարինե Խառատյանը

Share |
Արխիվ
Rambler's Top100