Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարության ճգնաժամի մասին քննարկմանը քիչ առաջ ելույթ ունեցավ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նա կարեւորեց զեկուցողների` Անդրեաս Գրոսսի եւ Նուրսունա Մեմեքանի աշխատանքը.
"Իրապես, այսօր Եվրոպայում ժողովրադավարության ճգնաժամն ակնհայտ է, եւ դրա պատճառները բազմաթիվ են։ Պատճառներից որոշները ներկայացված են Նուրսունա Մեմեքանի զեկույցում։ Պոպուլիստական ծայրահեղականության աճը ԵԽ անդամ երկրներում լրջագույն սպառանլիք է ժողովրդավարական արժեքների համար, եւ ես համաձայն եմ զեկուցողի այն գնահատականի հետ, որ ԵԽ անդամ որոշ երկրների քաղաքական առաջնորդների կողմից հնչեցվող ծայրահեղական ելույթները ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ են ձեւավորում Եվրոպայում"։
Այս համատեքստում նա հիշեցրեց ապրիլի 3-ին Բաքվում, Եվրանեթսի Վեհաժողովում Ադրբեջանի նախագահի հնչեցրած ելույթը, որը, Նաիրա Զոհրաբյանի բառերով, ռասիզմի, այլատյացության անգերազանցելի շեդեւր կարելի է համարել։
Եւ բնավ պատահական չէ, ըստ նրա, որ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի պատրաստած զեկույցը արձանագրել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ու մամուլը Հայաստանի եւ հայերի հասցեին մշտական բացասական հայտարարություններով ավելի են սրում անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ, ինչը ուղղակիորեն անթույլատրելի է։
"Ուստի, մենք բոլորս համատեղ ուժերով պետք է պայքարենք ցանկացած գործողության, կամ խոսքի դեմ, ինչը կարող է խորացնել լարվածությունը տարբեր ռասսայական, ազգային, կրոնական կամ սոցիալական խմբերի միջեւ։ Եւ այս կոչը ես կհասցեագրեի նաեւ Թուրքիայի իշխանություններին, որտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումները հետեւողական բնույթ են կրում, եւ մեր Վեհաժողովի ամբիոնից քանիցս այդ մասին խոսելու առիթ ունեցել ենք",- շարունակեց հայ պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց նաեւ զեկույցի համահեղինակ Նուրսունայի զեկույցից մի հատված, ուր Վեհաժողովը կոչ է անում ԵԽ անդամ երկրներին մշակել դպրոցական ծրագրեր, որոնք կներառեն հակառասիստական կրթություն, կոնֆլիկտների խաղաղ կարգավորում։
"Ես հորդորում եմ Վեհաժողովի անդամ իմ գործընկերներին՝ ուսումնասիրել մասնավորապես ադրբեջանական որոշ դասագրքերը, որտեղ հայը ներկայացված է որպես ջարդարար, մարդասպան։ Ավելին, որպես ԵԽԽՎ պատգամավոր, ես ադրբեջանական այդ դասագրքերի միջազգային փորձաքննություն եմ պահանջելու, քանզի այդ դասագրքերով մեծացած սերունդը է՜լ ավելի է խորացնելու անհանդուրժողականության, այլատյացության, ռասիզմի ու ծայրահեղականության լրջագույն խնդիրները, որոնց առջեւ այսօր կանգնած է Մեծ Եվրոպան",-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

