Հովիկ Աբրահամյանն այսօր խիստ էր

11:13 | Հունիս 22, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը, որի ընթացքում շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած նախագծերը:

Ինչպես նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ գործադիրի նախագծերը պետք է քննարկվեն ու քվեարկվեն 24 ժամյա ռեժիմով:

Խորհրդարանում այսօր շարունակվեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:

«Լիցենզավորման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ» ՀՀ օրենքների նախագծերը դրվեցին քվեարկության, սակայն պատգամավորների մեծ մասը չհասցրին քվեարկել կոճակները չմիանալու պատճառով, նախագծերը նորից դրվեցին քվեարկության։

Դիմելով այդ պահին նիստերի դահլիճ մտած ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց:

«Շուշան Պերոսյանը կողմ է, թե դեմ այս նախագծերին»:

«Ի՞նչ իմանամ»,- եղավ Շուշան Պետրոսյանի պատասխանը եւ ապա՝ արագ տեղավորվելով՝ վերաքվեարկության ժամանակ սեղմեց «կողմ» կոճակը:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի. «Համլետ Հարությունյան, երկու ձեռքով մի քվեարկի»։
Ի դեպ, Համլետ Հարությունյանը մինչ այդ պահը ջանասիրաբար խաչբառ էր լուծում:

Այժմ ԱԺ-ն քննարկում է «Սեւանի մասին» օրենքը, որը կառավարության ամենախնդրահարույց նախագիծն է:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100