5-րդ գումարման ԱԺ-ի եռօրյա արտահերթ նիստերին չեն մասնակցել «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Զարուհի Փոստանջյանը հարգելի պատճառով է բացակայում, քանի որ այս պահին պաշտոնական գործուղմամբ Ստրասբուրգում է։
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա պարոն Հակոբյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ նա պատգամավոր մնալ-չմնալու իր վերջնական դիրքորոշման մասին որոշումը թողել է կուսակցության վարչությանը, որը պարոն Հովհաննիսյանի հարցին կանդրադառնա սեպտեբերին:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք նպատակահարմար չէր լինի, եթե ԱԺ արտահերթ նիստերին նրանք մասնակցեին, մանավանդ երբ քվեարկության է դրվել կառավարության հնգամյա ծրագիրը: «Սա այն արտահերթ նիստն էր, որտեղ ամեն ինչ պարզ է ու հասկանալի, եւ մեր պատգամավորների բացակայությունը ոչինչ չէր փոխի, քանի որ կառավարությունն առանց ընդդիմության կարող է իր ծրագրին կողմ քվեարկել ու անցկացնել այն:
«Ժառանգություն»-ը ամբողջ կազմով դեմ է քվերակել»,- հայտարարեց նա:
Կառավարության ծրագիրը մինչ ԱԺ քննարկման ներկայացնելը վարչապետը հրավիրել էր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին` լսելու նրանց առաջարկություններն ու դիտողությունները: «Ժառանգություն»-ը եւս մասնակցել է, սակայն որեւէ առաջարկություն չէր ներկայացրել. «Մեր սկզբունքային դիրքորոշումը եղել է այն, որ մեր ծրագիրը մեկ ամբողջական գաղափարախոսություն է: Մենք փոխանցել ենք «նոր Հայաստանի» մեր նախընտրական ծրագիրը, որը նաեւ մեր գործող ծրագիրն է ու ասել ենք, որ պետությունը այս իրավիճակից դուրս բերելու միակ տարբերակը մենք տեսնում ենք միայն այս ծրագիրը»:
Պարոն Հակոբյանը կարծում է, որ վարչապետի հետ այդ հանդիպումն ուղղակի «հանդիպում էր հանդիպման համար»։
«Մեր քաղաքական մշակույթն այդ առումով այդպես էլ չի կայանում. անհրաժեշտ է հասկանալ, որ ընդդիմությունն ու իշխանությունը թշնամիներ չեն եւ երկու կողմերը միշտ պետք է իրար հետ խոսեն: Պետք է ասեմ, որ ինչպես հանդիպման ընթացքում, այնպես էլ ԱԺ-ում կառավարությունն այդպես էլ որեւէ համոզիչ փաստարկ չներկայացրեց ու շարունակում է այն ավանդույթները, որոնք ունեցել են 20 տարիների ընթացքում եղած բոլոր կառավարություները»,-ասաց նա։
Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ նաեւ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպին` դատապարտելով այն. «Եթե հասարակական այդ արձագանքը չլիներ, կարող էր նաեւ ծածկադմբոց լինել: Կածում եմ` ամեն ինչ կունենա իր տրամաբանական եւ ողջամիտ ավարտը»:

