Նախքան կառավարության ծրագիրը քվեարկության կդրվեր, ելույթ ունեցավ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ընդգծեց, որ իր համար առանձնահատուկ կարեւոր էին այս քննարկումները, քանի որ համակողմանի կարծիքներ հնչեցին:
« Ամեն ինչ չէ, որ ինձ դուր եկավ, բայց ինձ համար կարեւոր էր այն, որ այս քննարկումը Հայաստանի զարգացման ուղիների համար էր: Սա իսկապես քաղաքական բանավեճ էր: Հորդորում եմ միանալ կառավարության առաջարկներին եւ կա հնարավորություն, որ խորհրդարանը աջակցի կառավարությանը եւ լուծի ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Դրա համար կան եւ միջոցներ, եւ քաղաքական կամք»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ իրենք ամեն կերպ կառավարությանը պաշտպանելու են հնչող ժողովրդահաճո դեմագոգիայից:
Նրա ելույթից հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա վստահեցրեց, որ իրենք անսխալական չեն եւ եւս լավ գիտակցում են, որ ոչ մի ծրագիր չի կարող կատարյալ լինել:
«Ես միայն ցավ եմ ապրում, որ բանավեճի փոխարեն ԱԺ-ում հնչեցին նաեւ անձնական վիրավորանքներ իմ հասցեին: Մեղադրանք հնչեց, թե իբր մենք կեղծ թվեր ենք ներկայացնում եւ իբր ես իմ անձնական հարստությունն եմ ավելացրել վարչապետության ընթացքում: Դա իրականությանը չի համապատասխանում ու նպատակն է զրպարտել ու վարկաբեկել անձամբ վարչապետին»,- ասաց նա:
Վարչապետը վստահեցրեց նաեւ, որ պատրաստ են լսել ու ըդնունել բոլոր քաղաքական ուժերի առաջարկություններն ու դիտողությունները ծրագիրն էլ ավելի լավը դարձնելու համար:
Կառավարության ծրագրի քննարկումից ու քվեարկումից հետո, ԱԺ-ն շարունակեց իր աշխատանքները եւ արտահերթության կարգով քննարկեց նաեւ կառավարության ավելի վաղ քննարկած նախագծերը: Վաղը ԱԺ-ն կշարունակի իր աշխատանքը:

