Արամ Մանուկյանը հարց տվեց

13:10 | Հունիս 20, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ամենամեծ տեմպերը արտագաղթի եղել ենք 90-95 թվականներին, 1 մլնից ավել»,-պատասխանելով արտագաղթի տեմպերի մասին ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին՝ ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Արամ Մանուկյանը վարչապետին հակադարձեց, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Վարչապետը ավելացրեց. «Երեւի ավելի շատ էին»։

Տիգրան Սարգսյանը նկատեց, որ արտագաղթի տեմպերը Հայաստանում աճեցին նաեւ 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակ։

Արամ Մանուկյանը նկատեց, որ միայն այս տարվա 5 ամիսներին պաշտոնական վիճակագրությամբ երկրից անվերադարձ հեռացել է 69 հազար մարդ եւ «սրանք արտագնա աշխատանքի գնացողները չեն»։

«Էս տեմպերով տարվա վերջում այս մարդկանց թիվը կարող է հասնել 150 հազարի»,-շարունակեց նա։

Տիգրան Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց պաշտոնական վիճակագրությանը վստահելու համար, հետո վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի, որպեսզի ստեղծվեն աշխատատեղեր եւ լինի արդարություն։ Սակայն երբ Արամ Մանուկյանը փորձեց հասկանալ, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետը, երբ մամուլին ասում էր. «Բա ի՞նչ անենք, թողնենք մնան երկրում, որ հեղափոխություն անե՞ն», ԱԺ պաշտոնական կայքում ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը ընթացավ մեծ ընդհատումներով, որից այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչ է մտածում վարչապետը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100