Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը բնական է համարում, որ շատերը Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործում քաղաքական ենթատեքս են փնտրում։ Վարդան Օսկանյանը քաղաքական գործիչ է,- մեննաբանում է նա։
«Նույնիսկ ակնհայտ հանցագործությունները, որոնք նախկինում իրականացվել են, միանգամից տարվում է դեպի քաղաքական դաշտ, որովհետև քաղաքական դաշտում հեշտ է ամեն ինչ լղոզել»,- լրագրողներին ասաց պատգամավորը՝ նշելով, որ վերջնական խոսքն ամեն դեպքում պատկանում է դատարանին:
«Կա փաստ և դրա առթիվ հարուցված քրեական գործ: Կա նաև անմեղության կանխավարկած: Այս երկուսը համադրենք և զինվենք համբերությամբ և հետևենք հետագա զարգացումերին»,- ասաց Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով Օսկանյանի՝ Սիվիլիթաս հիմնադրամի դեմ հարուցված գրեական գործին:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձավ նաև նախկին արտգործնախարարի արտահայտած այն մտքին, թե դատական համակարգը զուտ քաղաքական լծակ է իշխանության համար: «Կարծում եմ՝ շատ ազնիվ կլիներ, եթե իր պաշտոնավարման տարիներին նմանատիպ դիպուկ արտահայտություններ կատարեր, և չեմ կարծում, որ այն, ինչ ունեինք մենք իր պաշտոնավարման տարիներին և այն, ինչ ունենք այսօր, դրանց համեմատությունն իր օգտին դժվար թե խոսի»,- ասաց Արտակ Դավթյանը:
«Այն ժամանակ, երբ ուղղակի անհրաժեշտ էր տեսնել սեփական աչքի գերանը, այն կարծես թե չի տեսնում, այլ անընդհան տեսնում է այլոց աչքի՝ գերանից շատ ավելի փոքր ինչ-որ առարկաներ»,- իշխանությունների հասցերին արված Օսկանյանի մեղադրանքներին պատասխանեց հանրապետական պատգամավորը:
Նախկին արտգործնախարարի՝ ԲՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու հնարավոր առաջադրման վերաբերյալ Արտակ Դավթյանը պատասխանեց. « Դա ՀՀ ցանկացած քաղաքացու իրավունքն է: Եթե Վարդան Օսկանյանը ցանկություն ունենա և իր ուժերը ճիշտ հաշավարկի, դա իր և իր կուսակցության բացառիկ իրավուքն է»:

