«Ժառանգության» վարչության փոխնախագահ Ստյոպա Սաֆարյանին այսօր առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին էին հրավիրել:
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց` իրեն հրավիրել էին բացատրություններ տալու մայրաքաղաքի փակ շուկայի քանդման վերաբերյալ մայիսի 28-ին տարածած իրենց հաղորդագրության վերաբերյալ: Պարոն Սաֆարյանը նշեց, որ տեղյակ է` իրենից առաջ ոստիկանությունում բացատրություններ են տվել նաեւ այն քաղաքացիներից շատերը, որոնք ստորագրել էին իրենց հաղորդագրության տակ:
«Իմ բացատրություններում ես մասնավորապես մեջբերել եմ մեր հաղորդագրության հիմնական շետադրումները: Այն, որ փակ շուկան հանրապետական նշանակության հուշարձան է, ներառված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, ինչպես նաեւ կառուցապաատողը, շուկայի սեփականատերը իրավունք չունի որեւէ գործողություն, վերափոխում անել կամ քանդել, քանի որ նման նախագիծ քաղաքապետարանի կողմից հաստատված չէ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց պարոն Սաֆարյանը:
Շուկայի քանդման աշխատանքներն այս պահին դադարեցված են, եւ Երեւանի քաղաքապետարանն ու Մշակույթի նախարարությունը համատեղ գերատեսչական հանձնաժողով են ստեղծել, որը կազմել եւ իր եզրակացությունը տվել է:
«Մեր առաջին քայլերից մեկը կլինի այն, որ կծանոթանանք այդ եզրակացության հետ, քանի որ այն պետք է վերաբերելու է ոչ միայն շենքի վերականգնման ու դրա հնարավորությունների մասին, այլ նաեւ պետք է գնահատական տա քանդման փաստի մասին, ինչպես նաեւ` այնտեղ կետ կար կառուցապատողին իրավական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը` ավելացնելով, որ իրենց նախաձեռնությունը հետեւողական է լինելու եւ վերահսկողի դերում է լինելու, որ շուկայի շենքը վերականգվի իր նախկին տեսքով

