Արցախյան պատերազմին մասնակցած գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանը՝ Կոմանդոսը, համոզված է, որ պատերազմի դեպքում հաղթելու է Հայաստանը: «Սկզբում մեզ համար շատ դժվար կլինի, բայց ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես եղավ Ղարաբաղյան պատերազմի դեպքում: Այստեղ կասկած չկա»,- ասաց Կոմանդոսը:
Արցախյան պատերազմի բովով անցած Կոմանդոսը վերջին օրերին Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները որակում է, որպես ադրբեջանական քարոզչության բաղկացուցիչ մաս, որով Ադրբեջանը ցանկանում է մեր հասարակության մեջ վախի մթնոլորտ առաջացնել: «Նրանք ցանկանում են ցույց տալ, թե պատրաստ են պատերազմին: Սա մի մեծ ծրագիր, պրոպագանդայի մեխանիզմ է, որին Ադրբեջանը միացրել է նաև զինված ուժերը: Բայց մենք արժանի հակահարված ենք տվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արկադի Տեր- Թադևոսյանը:
Հակահայկական ծրագիր իրականացնելու դրդապատճառներից մեկն էլ Կոմանդոսը համարում է այն, որ Ադրջեջանում ապրող ազգային փոքրամասնությունների շրջանում բարձրացել է ազգային ինքնագիտակցությունը, եւ նրանց զսպելու համար ընդդեմ ՀՀ-ի տրամադրություններ է առաջացնում նրանց շրջանում։
«Այդ խնդիրը լուծելու համար Ադրբեջանը կոչ է անում ազգային փոքրամասնություններին համախմբվելու և միասին պայքարելու Հայաստանի դեմ»,- ասաց Կոմանդոսը՝ հիշեցնելով, որ Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զոհերի մեծ մասը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են եղել:
Կոմանդոսը կարծում է, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը վնաս կհասցնի նաև այն պետությունների շահերին, որոնք Ադրբեջանում ներդրումներ են կատարում: «Օրինակ՝ նավթը Անգլիայինն է: Այնպես, որ պատերազմի վերսկսումը կախված չէ միայն Ադրբեջանի ցանկություններից»,- ասաց Կոմանդոսը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը երկու նպատակի համար է զինում իր բանակը՝ Արցախը վերադարձնելու, ինչպես նաև մեր հասարակությանը վախեցնելու համար: Սակայն, ինչպես նշեց նա, ադրբեջանական բանակը դեռ պատրաստ չէ պատերազմական գործողությունների:
Հայկական բանակի ունակությունների մասին խոսում են նաև այլազգի փորձագետները, որոնց հետ համամիտ է նաև Կոմանդոսը:
«Բոլոր երկրների ռազմական փորձագետներն այն կարծիքն են, որ Հարավային Կովկասի երկրներից միայն Հայաստանի զինված ուժերն են պատրաստ լուծել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները: Իրականում մենք ամեն ինչ ունենք՝ դիմակայելու համար»,- ասաց նա:
Կոմանդոսը համոզված է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը տարեցտարի քչանում է: Նրա կարծիքով մեր տարածաշրջանում պատերազմական թատերաբեմը միայն Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակներում է. «Թուրքիան ցանկանում է միավորել երկու թուրքական ցեղերին, որի մասին միշտ երազել է»,- ասաց Արկադի Տեր- Թադևոսյանը:

