Հանրապետականի հետ կոալիցիա չկազմելուց հետո ԲՀԿ-ի հետ Դաշնակցության հարաբերությունները կարող են ավելի սերտանալ :
«Այո, ինչու չէ, բայց այս պահին որեւէ համաձայնության եզրեր չկան,- մեր թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ՀՅԴ համագործակցություն, ԱԺ-ում նման պատասխան տվեց ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` շարունակելով,- Կնայենք` ինչ աշխատանք են իրենք իրականացնում ընդդիմության մեջ, ըստ դրա կարող ենք միայն որոշել : Ժամանակը ցույց կտա » :
Դիտարկմանը, թե գնահատականներ կան, որ ԲՀԿ-ն իրականում գրավում է ընդդիմադիր դաշտը եւ սա որոշակի խաղ է, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Դաշտը գրավելն էդքան հեշտ չի : Պիտի գործես այդ ասպարեզում որպես ընդդիմություն : Այլապես աչքին թոզ փչելով՝ երկար չի դիմանա իլյուզիան, որ ընդդիմություն ես : Կամ իսկական ընդդիմություն ես, կամ` չես : Դա շատ հստակ կերեւա»:
Ի դեպ` երեկ ՀՅԴ-ն թեեւ ներկա էր ԱԺ նիստին, սակայն չմասնակցեց ոչ ԱԺ նախագահի, ոչ փոխնախագահների, ոչ էլ հանձնաժողովների նախագահների ընտրությանը : Մեր հարցին, թե ՀՅԴ-ն բոյկոտո՞ւմ է ԱԺ ղեկավարության ընտրությունները, Վահան Հովհաննիսյանը հակադարձեց. « Անիմաստ ենք համարում : Բոյկոտ չի դա : Բոյկոտն էն է, որ չեն եկել նիստի, իսկ մենք ԱԺ-ն չենք բոյկոտում, բայց այս քվերակությանը չենք մասնակցում » :
Նշենք, որ այս ԱԺ-ում ՀՅԴ-ն չի ունենալու հանձնաժողովի նախագահ :

