Վ. Օսկանյան. «Ընդհանուր լեզու չգտանք»

19:27 | Մայիս 30, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նորընտիր ԱԺ-ում «լավին լավ է ասելու, վատին՝ վատ»։ Այսօր ԿԸՀ-ում պատգամավորական մանդատները ստանալուց հետո գրեթե նույն ձեւակերպումներով այս մասին հայտարարեցին կուսակցության անդամներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ գործող խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Բալասանյանը։ Այնուամենայնիվ, նրանք հրաժարվեցին հայտարարել, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմադիր է լինելու։

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, կուսակցությունը հավանություն է տալու բոլոր այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք համապատասխանելու են ԲՀԿ ծրագրային դրույթներին եւ տեղավորվելու են պետության զարգացման՝ ԲՀԿ տեսլականին։ «Եվ հակառակը, մենք դեմ ենք լինելու մեր մոտեցումներին չհամապատասխանող օրինագծերին, անկախ նրանից, թե որ ուժն է նախաձեռնել այն»,- նշեց տիկին Զոհրաբյանը։

Նույն միտքը կրկնեց նաեւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ «ԲՀԿ-ն լինելու է կառուցողական դաշտում, բայց լինելու է այլընտրանք գործող մեծամասնությանը։ Մենք խոստումներ ենք տվել ժողովրդին, ծրագրեր ենք ներկայացրել, եւ հետամուտ ենք լինելու այդ ծրագրերի իրականացմանը։ Օրը կգա, կունենանք իշխանական լծակներ եւ կկարողանանք իրականացնել կոնկրետ մեր ծրագրերը։», - նշեց նա։

Վարդան Օսկանյանի խոսքերով, գործող մեծամասնության՝ ՀՀԿ-ի հետ Բարգավաճ Հայաստանը լուրջ ծրագրային հակասություններ ունի։ Ըստ Օսկանյանի, դրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հնարավոր չի եղել «ընդհանուր լեզու գտնել եւ կոալիցիա կազմել»։

Ընդ որում, նրա խոսքերով, հետընտրական փուլում ՀՀԿ-ԲՀԿ քննարկումներն բովանդակային են եղել եւ ոչ պաշտոնների շուրջ։

«Այս իրավիճակից շահելու է երկիրը, շահելու է խորհրդարանի աշխատանքը եւ շահելու է հասարակությունը։ Մենք այսօր շատ ավելի մոտ ենք իսկական խորհրդարանին, քան երբեւէ», - նշեց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ կոալիցիայից հրաժարվելու պատճառով ԲՀԿ ներսում դժգոհություններ չկան. «Տրամադրությունը շատ բարձր է, ինչպես հասարակության մոտ»։

«Ա1+»-ի հարցին՝ «Դուք վստա՞հ եք, որ ԲՀԿ-ական բիզնեսի վրա որեւէ ճնշում չի լինի», պարոն Օսկանյանը պատասխանեց. «Այդպիսի մտահոգություններ չկան»։

Իսկ գործող ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը բացառեց նույն պաշտոնում իր վերընտրվելու հավանականությունը։ Փոխարենը՝ նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն օգտվելու է օրենսդրության տված հնարավորությունից եւ ստանձնելու է խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովներից 4-ի դեպքում նախագահի, եւ 3-ի դեպքում՝ փոխնախագահի պաշտոնը։ Պարոն Բալասանյանին հիշեցրին, որ երբ ՕԵԿ-ը 2006-ին դարձավ ընդդիմություն, նա դուրս եկավ կուսակցությունից։ «Ես ոչ մի տեղից դուրս չեմ եկել», - արձագանքեց Բալասանյանը:

 ՀԱԿ-ը չմասնակցեց մադատների տրամադրման այս հանդիսությանը։

Share |
Արխիվ
Rambler's Top100