«ՀԱԿ-ը պետք է հարմարվի համակարգին»

14:50 | Մայիս 11, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամենադրական արդյունքներից մեկն եղավ այն, որ Հայ ազգային կոնգրեսը մուտք գործեց խորհրդարան։

«Հիմա նրանք Հայաստանի խորհրդարանում ներկայացնում են ամենադինամիկ եւ հաստատակամ ընդդիմադիր ուժը։ Եւ ես շատ դրական եմ համարում, որ եւ Հրանտ Բագրատյանը եւ Վարդան Օսկանյանը ընտրվել են որպես ԱԺ պատգամավորներ», - լրագրողնրի հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքագետը։ Նրա խոսքերով, ՀԱԿ-ի համար խնդիրն այն է, որ նա կարողանա կառուցողական ձեւով հարմարվել համակարգին։

Ռիչարդ Կիրակոսյանին մտահոգում է այն, որ մականուններն ու օլիգարխները վերադարձել են պառլամենտ։ Ըստ նրա, դա շատ մեծ վնաս կհասցնի հինգերորդ գումարման խորհրդարանի իմիջին եւ պետությանն ընդհանրապես։ Քաղաքագետի դիտարկմամբ, մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների միակ լուսավոր կետը Վանաձորում Էդմոն Մարուքյանի հաղթանակը եւ Վիկտոր Դալլաքյանի պարտությունն է։

«Ժողովուրդն իրեն շատ էժան ծախեց, եւ չօգտվեց այն հնարավորություններից, որ իրեն ընձեռնված էր։ Իշխանությունները պետք է ընդունեն, որ առաջընթացի կողքին եղան նաեւ բազմաթիվ պրոբլեմներ», - նշեց նա։

Ըստ փորձագետի, ընտրությունների վերաբերյալ միջազգային կառույցների թե՛ դրական, թե բացասական գնահատականները արդարացի էին։ Իսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական եզրակացության մեջ նկատված որոշ երանգներից Ռիչարդ Կիրակոսյանը եզրակացություն է արել, որ միջազգային հանրությունը մեծապես հիասթափված էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գործունեությունից։

«ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ զեկույցի վերաբերյալ ԿԸՀ նախագահի մեղմ ասած, սառը արձագանբքը հենց ապացույցն է այն բանի, որ խնդիրը նրանում է», - նկատեց քաղաքագետը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100