«Լուսանկարներ ունենք անձնագրերի, որտեղ երեք-չորս դրոշմակնիք է պատկերված, այսինքն, շատերին դա չի էլ անհանգստացրել, որ թանաքը չի ցնդում, եկել եւ 3-4 անգամ քվեարկել են»,-միասնական շտաբի այսօրվա նիստում այս մասին տեղեկացրել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Նրա տվյալներով, իրականում քվեարկությանը մասնակցել է մոտ 800-900 հազար մարդ։ Մնացած 700 հազարն, ըստ նրա, ընտրություններին «մասնակցել են պետականորեն իրականացված հանցագործության շրջանակներում»։ «Եվ ինչքան հեռու մայրաքաղաքից այնքան ավելի լկտի են իրենց պահել կեղծարարները»,-ասում է պարոն Զուրաբյանը։ Նա վստահեցրել է, որ ժողովրդավարական ոչ մի երկրում խորհրդարանական ընտրություններին 50 տոկոսից ավելի ընտրող չի մասնակցում։ Հայաստանում, ըստ նրա, գրանցվել է աննախադեպ բան՝ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 86 տոկոսը, եթե հաշվի առնենք, որ «ընտրողների իրական թիվը 1 մլն 800 հազար է, քանի որ 2 մլն 500 հազարից 700 հազարը բացակայում են հանրապետությունից»։

