Թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը պատասխանել է իր նախկին մրցակցի` Սարիբեկ Սուքիասյանի հայտարարությանը.
«Նախ պետք է ասեմ, որ մենք մինչև անգամ այս պահը չենք անցել քաղաքակիրթ պահվածքի և վարվելակերպի սահմանները, և դա թե նախընտրական, թե ընտրությունների թեժ պահին էլ այդպես է եղել: Ինչ վերաբերում է նախկին մրցակցիս հայտարարությանը, ապա ես պատրաստ էի ու պատրաստ եմ պայքարել քաղաքական հետապնդման, ընտրողների իրավունքների ոտնահարման,պետության կողմից վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսների օգտագործման, կեղծիքների և անվավերների մեխանիզմի դեմ, եթե ներկայացվեն վերը նշվածը հաստատող փաստեր:
Հաշվի առնելով հրապարակայնորեն ներկայացվող մեղադրանքների լրջությունը` ես պատրաստակամություն եմ հայտնում փաստերի առկայության դեպքում իր հետ միասին պայքարել և պատժել մեղավորներին»:

