Ղեկավարները վետերանների հետ բաժակ բարձրացրին

13:59 | Մայիս 09, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռատոն է: Այսօր լրացավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ, Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը, մայիսի 9-ը խորհրդանշորեն համարվում է նաեւ Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օր:
Մայրաքաղաքի «Հաղթանակի» զբոսայգին վաղ առավոտից մարդաշատ էր, այստեղ էին շտապում պատերազմի վետերաններ` իրենց թոռնիկներով, երիտասարդներ, որոնք ծաղիկներով գալիս էին հարգանքի տուրք մատուցելու հայրենականում զոհված հերոսների հիշատակին։ Պաշտոնական միջոցառումը մեկնարկեց, երբ Հաղթանակի զբոսայգի ժամանեցին բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ, գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ զոհվածների հիշատակը։ Ապա «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցավ հաղթանակի փոքրիկ շքերթ:
Երեւանում Հաղթանակի զբոսայգում ֆաշիստական Գերմանիայի դեմ կրած Մեծ Հաղթանակի տարեդարձի կապակցությամբ այսօր դաշտային խոհանոց էր կազմակերպված: Եվ հայ վետերանների հետ միասին դաշտային խոհանոցի բարիքներից օգտվեցին Հայաստանի ԱԺ նախագահն ու վարչապետը, պատգամավորներն ու նախարարները: Նրանք բաժակ բարձրացրին խաղաղության եւ հաղթանակների համար:

Հայրենական մեծ պատերազմի վետերաններն ամբողջ տարին սպասում են այսօրվան, երբ հնարավոր կլինի տեսնել մարտական ընկերներին, շփվել բախտակիցների հետ եւ գոնե այդ օրը մեծարվել։ «Հաղթանակ» զբոսայգում նրանք մտովի տեղափոխվում են այնտեղ, ուր եղել են հաղթող, ուր գնահատվել է նրանց քաջությունը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100