Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները Սոցիալ Դեմոկրատ Հնչյակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը գնահատում է խայտառակ։
«Բոլոր բացասական դրսեւորումները կատարելագործվեցին։ Ընտակեղծիքները սկիզբ առան Հրազդանից եւ շարունակվեցին ամեն ուր։ Ամեն գնով ցանկացան ժողովրդի ձայնը գնել եւ եթե նախորդ ընտրություններում ձայնը գնում էին 5000 դրամով, ապա երեկ եւ դրանից առաջ 1 քվեի համար տալիս էին 20000- 25000 դրամ»,- «Ա1+»-ին հետ զրույցում նշեց տիկին Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ եթե ընտրակաշառքները եւ վախի մթնոլորտը չլիներ, մարդկանց ստիպողաբար չտանեին ընտրատեղամասեր, ապա հանրապետական կուսակցությունը նույնիսկ 2 տոկոս ձայն չէր հավաքի։
Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետին զարմացնում եւ զայրացնում է այն փաստը, որ ընտրողների միայն 7 տոկոսն է իր քվեն տվել ՀԱԿ-ին.
«Դա ծիծաղելի թիվ է։ ՀԱԿ-ը 5 տարի շարունակ պայքար է մղել, ձերբակալվել եւ բացահայտել այս կրիմինալ իշխանության դեմքը»։
Լյուդմիլա Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ որեւէ քննարկում տեղի չի ունեցել։

