5 տարի իշխանությունը զբաղվել է իմիտացիայով,-համոզված է ԲՀԿ թեկնածու Վարդան Օսկանյանը:
«Եվ արդեն վերեւներում կանգնած մարդիկ ինչ-որ տեղ իրենք կարծեմ թե հասկացել են, որ այսպես հնարավոր չէ շարունակել»,-ասաց նա
Օսկանյանից հետաքրքրվեցին՝ ինչու՞ արտաքին գործերի նախարար եղած ժամանակ երբեւէ չի քննադատել իշխանության քաղաքականությունը. «Այն ոլորտները, որ քննադատում եմ, դրանց հետ բացարձակ առնչություն չեմ ունեցել»։
Ավելին, Օսկանյանը տեսել է, որ երկրում խնդիրներ կան, որոնք քննադատության չեն դիմանում։ Որպեսզի կարողանա ասել իր խոսքը, հրաժարական է տվել արտգործնախարարի պաշտոնից. «Ես այնքան դժգոհ էի Հայաստանի ներկա իրավիճակից հատկապես ներքաղաքական, որ ես բաց ճակատով հրաժարական եմ տվել»
Այնպես չէ, որ իշխանությունները, ըստ նրա, չէին ուզում, որ նա շարունակի պաշտոնավարել։ Պարոն Օսկանյանն այսօր հաստատում է՝ ուզում էին, այն էլ ինչպես. «Ինձ ոչ թե առաջարկեցին, աղաչեցին»։
Այսօր Վարդան Օսկանյանը հայտարարում է՝ բաց ճակատով քննադատում եմ եւ քննադատելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ բարեփոխումներն արդյունք չեն տվել։

