Սարգսյանը խոսեց ու հեռացավ

20:51 | Մայիս 04, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Հանրապետության Հրապարակում։ Նրա ելույթը հնչել է հրապարակում տեղի ունեցած միջադեպից հետո, սակայն դրա մասին ոչինչ չի ասել։ Գազով լիցքավորված փուչիկների պայթյունից վիրավորվել են համերգի ներկա քաղաքացիները։ Սերժ Սարգսյանն իր ելույթից հետո իջավ բեմահարթակից և հեռացավ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը  գնացել  «Նաիրի» Բ/Կ՝ այցելելու տուժածներին։ Առողջապահության նախարարն ասել է,որ տուժածների վիճակը վտանգավոր չէ։


Սերժ Սարգսյանի ելույթը

«Բա՛րև Երևան,
այս պահին ուղիղ կապով մեզ դիտում են նաև Գյումրու հրապարակում,
Բա՛րև Գյումրի,
և վերջապես,
Բա՛րև Հայաստան:
Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցավ քարոզարշավի մեկ ամիսը: Մեկ ամսվա ընթացքում հարյուր հազարավոր մեր քաղաքացիների հետ կրկին դեմ առ դեմ հանդիպելու բախտավորությունն եմ ունեցել: Նայել եմ հարյուր հազարավոր աչքերի մեջ, կանգնել եմ հարյուր հազարավոր հոգսերի ու դարդերի առջև, հարյուր հազարավոր հույսերի ու նպատակների առջև, հարյուր հազարավոր հիասթափությունների ու ծածուկ հավատի առջև: Մեն-մենակ: Մեջքիս՝ Հանրապետականի ամրությունը: Մտքիս՝ ընկերներիս նվիրումը:

Եվ այսօր էլ պատրաստ եմ հարյուր հազար անգամ բարձրաձայն կրկնել՝ մենք փառահե՛ղ ժողովուրդ ենք, մենք ունենք հրաշալի՛ հայրենիք և մենք պիտի կերտենք նույնքան հրաշալի պետություն՝ հանուն նրա տիրոջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:

Հրաշալի բառեր են՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի...
Բարեկամնե՛ր,
Այս ընտրարշավը, որն ահա մոտենում է իր տրամաբանական ավարտին, վկայում է, որ մենք անցյալում ենք թողնում օրերը, երբ քաղաքական մրցակցությունը բռնցքակռիվ էր, լավագույն դեպքում՝ ըմբշամարտ, իսկ իշխանության համար պայքարը, երբեմն՝ արյունահեղ ճակատամարտ: Օրերը, երբ քաղաքական ուժերը ոչ թե խնդրում էին ժողովրդի ձայնն ու նրան ծառայելու պարտականությունը, այլ մեծամտորեն պահանջում իշխելու իրավունքը:
Մենք կարողացանք քաղաքական պայքարը դարձնել մրցավազք, երբ ժողովրդի վստահության քվեին արժանանալու հավակնություն ունեցող յուրաքանչյուրը ոչ թե մարտնչում է հակառակորդի դեմ, երբեմն էլ հենց ժողովրդի դեմ, այլ փորձում է, սեփական արժանիքների վրա հենվելով, տեղ հասնել առաջինը: Տեղ հասնել՝ արժանապատվությունը չկորցնելով ու հասարակության վստահությունը նվաճած:
Մենք ցույց տվեցինք, որ ամուր ենք ոչ միայն մեր բանակի մարտունակությամբ ու մարտական ոգով, այլև մեր երկրի քաղաքական կառույցով ու մեր քաղաքացիական հասարակության եռանդով: Ամուր ենք մեր մեծերի խոհեմությամբ ու մեր երիտասարդների ավյունով: Ամուր ենք մեր փոխադարձ սիրո ուժով ու մեր արյան հիշողությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այո՛, մեր ժողովրդի բարեկեցության, անվտանգության և հարատևության մասին պետք է հոգանք ինքներս: Ուրիշ ոչ ոք:
Այո՛, մենք ևս մրցում ենք, սակայն մրցում ենք ապրելով ու գործելով մե՛կ նավակում, որ մեր զավակների օրորոցն է:
Այո՛, մեր միջև մրցակցությունը այլոց հետ մեր հավաքական մրցունակության լավագույն գրավականն է:
Այո՛, մենք մրցում ենք քաղաքական դաշտում: Սակայն պետականության և համազգային գերակայությունները մրցակցությունից դուրս են: Դրանք մրցակցության կանոններն են, որոնք մենք սահմանում ենք և պիտի հարգենք ու պահպանենք ինքներս:
Ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահպանելու մեր սահմանած կանոնները: Մեր քաղաքակրթության կանոնները: Փոխադարձ հարգանքի մեր սահմանները: Ինքնե՛րս պիտի անենք: Ուրիշ ոչ ոք մեզ դատավոր չէ: Ինքներս ենք մեր դատավորը, մեր սահմանների սահմանապահն ու մեր փոխադարձ հարգանքի մշտարթուն պահապանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վաղը չէ մյուս օրը դուք կատարելու եք ձեր ընտրությունը: Կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը: Եվ այդ ձայնը լսելի է լինելու:
Այս ընտրարշավը դառնալու է առանձնահատուկ իր քաղաքական պայքարի մշակույթով և հարաբերությունների որակով: Արդյունքում պիտի ասենք՝ մրցեցինք ու հաղթեցինք բոլորս: Հաղթեցինք ամեն գնով հաղթելու ձգտմանը ու հաղթեցինք ազգովին:
Տարիներ առաջ ես ձեզ խոստացել եմ, որ հարթելու ենք բոլոր այն անդունդները, որ մեր հասարակությունը բաժանել է մասերի: Խոստացել եմ, որ կազմալուծելու ենք այն պատնեշները, որոնց հետևում դիրքավորվել էր մեր հասարակությունը: Խոստացել եմ, որ հարթելու ենք այն ժամանակ անհաղթահարելի թվացող խոչընդոտները:
Այսօր հպարտությամբ ու մեր ժողովրդի՝ ձեր առջև շնորհակալության անսահման զգացումով ասում եմ՝ մենք հաղթե՛լ ենք: Հաղթել ենք ինքներս մեզ: Անցյալի կապանքները խորտակած ժողովուրդն անխորտակելի է:
Շնորհավորու՛մ եմ ձեզ և խոնարհվում ձեր իմաստության ու ձեր կամքի առջև:
Շնորհակա՛լ եմ, հարազատնե՛րս:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն»:

Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի

Share |
Արխիվ
Rambler's Top100