Գ. Սահակյանն պատասխանել է թուրք լրագրողների հարցերին

19:27 | Մայիս 04, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ Թուրքիայի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան են։Նրանք այսօր հանդիպել են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։ Հանդիպումից մանրամասներ փոխանցել է խորհրդարանի լրատվական ծառայությունը։

Լրագրողների հարցին ի պատասխան նա անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Նրա գնահատմամբ` տնտեսության զարգացումը երկրի համար շատ կենսական ու կարեւոր նշանակություն ունի, քանի որ ժողովրդի բարեկեցությունը հիմնականում դրանով է պայմանավորված, բայց Հայաստանն ունի նաեւ ոչ պակաս կարեւոր երկու խնդիր. մեկը աշխարհի եւ առաջին հերթին Թուրքիայի կողմից իր իսկ իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, մյուսը` Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը:

Ըստ նրա` երկուսն էլ ինքնանպատակ չեն, եւ երկրի ամրապնդման առումով շատ կարեւոր են. ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու դեպքում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում կկանխվեն հակամարդկային նման երեւույթները, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը նրա ժողովրդի անվտանգության ու ազատ ապրելու երաշխիքն է:

«Այսպիսով` Հայաստանի քաղաքական օրակարգում երկու կարեւոր խնդիր կա` երկրի ամրապնդումն ու նրա տնտեսական զարգացումը»,-նշեց Գալուստ Սահակյանը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ դրա հետ կապված արձանագրությունների ճակատագրին` պարոն Սահակյանը տեղեկացրեց, որ Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու խնդիրը այսօր էլ կա քաղաքական օրակարգում, բայց դա չի նշանակում` Հայաստանը հանուն այդ խնդրի լուծման կարող է զիջումների գնալ իր համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում: Ստորագրված արձանագրությունները ոչ մի նախապայման չէին պարունակում երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու առումով, այնինչ Թուրքիան սկսեց շահարկել ղարաբաղյան հարցը` փորձելով առուվաճառքի տրամաբանությամբ առաջնորդվել, ինչը անընդունելի է Հայաստանի համար:

Անդրադառնալով ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկի մերժմանը` Գալուստ Սահակյանն ասաց. « Ի՞նչ է նշանակում քննել մի բան, որն ակնհայտ է. քաղաքական շահարկումներն այս հարցում անընդունելի են: Մենք կենդանի պատմություն ենք», - ասաց պարոն Սահակյանը` տեղեկացնելով, որ ցեղասպանության պատճառով իրենց մեծ գերդաստանից միայն հայրն է փրկվել:

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաեւ մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցադրումներին` տեղեկացնելով, որ ՀՀԿ-ն շատ է կարեւորում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, քանզի դա է մարդու իրավունքների ու ազատությունների իրացման, երկրի կենսունակության ապահովման ու նրա զարգացման ամենակարեւոր գործիքը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100