Մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վահե Հակոբյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ընտրարշավի օրերին սկսել է վերանորոգել տեղի միակ մանկապարտեզը։
« Արդեն մի 10 օր է, վերանորոգումը գնում է, ֆինանսավորումն ամբողջությամբ կատարվել է»,- ասում է Ագարակի մանկապարտեզի տնօրեն Թամար Հովհաննիսյանը
Վահե Հակոբյանը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է՝ 38-րդ ընտրատարածքի գործող պատգամավորը եւ պատգամավորության թեկնածուն։ Նա արդեն մի անգամ իր ղեկավարած հիիմնադրամի միջոցներով փորձել է վերանորոգել մանկապարտեզը եւ կրկին ընտրարշավի տարում
Մանկապարտեզի տնօրենը ընտրարշավի օրերին Վահե Հակոբյանի արածն ընտրակաշառք չի համարում։ «Վահեն միշտ էլ արել է»,-ասում է տիկին Հովհաննիսյանը։
«Յուրաքանչյուր Նոր Տարվա երեխաների տոպրակները էլի տալիս է Վահե Հակոբյանը»,- ասում է նա։
Տիկին Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ այս տաս օրվա ընթացքում Վահե Հակոբյանն անձամբ եկել եւ հետեւել է շինարարության ընթացքին։
Մանկապարտեզի պատերին հայր եւ որդի Հակոբյանների լուսանկարներն են, ամեն օր նրանք 250 երեխայի աչքի առաջ են՝ երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին, պետք է իմանան, թե ինչ են պատգամում նրանք։ Վահեն, օրինակ, խոստանում է Սյունաց տունը դարձնել Հայրենյաց բերդ։ Վահեի քարոզչական թերթիկները կարելի է հանդիպել մանկապարտեզի տարբեր սենյակներում։ Մանկապարտեզի տնօրեն Թամար Հովհաննիսյանը սպասում է նոր հերոսների նոր հնարավորություններով. «Եթե ուզում են մյուս պատգամավորներն էլ անեն, խնդիր չկա, թող գան անեն»։

