«Ա1+»-ի թղթակիցները պտույտ են կատարել Երեւանի Կենտրոնում՝ ԱԺ քաղաքական ուժերի նախընտրական շտաբներում։
ԲՀԿ. «Մենք հարցերին չենք պատասխանում»
Պարզվում է, որ ԲՀԿ շտաբների աշխատակիցներն իրավունք չունեն պատասխանել լրագրողների հարցերին։ Սա իրենց կուսակցության չգրված օրենքներից մեկն է։ Ռադիոտան հարևանությամբ տեղակայված ԲՀԿ շտաբի ղեկավար Աշոտ Աղազարյանն ասաց, թե չի կարող պատասխանել մեր հարցերին, քանի որ դրանով զբաղվում է ԲՀԿ գլխավոր գրասենյակը։ Այնուամենայնիվ նրանից փորձեցինք պարզել, թե ինչ խնդիրներով են բնակիչներն այցելում շտաբ. «Դեպքեր են լինում, երբ գալիս են և գումար են խնդրում, բայց մենք գումար չենք տալիս։ Ուրիշ խնդիրներով որ դիմում են, մենք դրանք դարձյալ ներկայացնում ենք մեր կենտրոնական գրասենյակ։ Այնտեղ են որոշումներ կայացնում»,- ասաց շտաբի ղեկավարը։ Մեր հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ԲՀԿ գլխավոր գրասենյակից։ Բայց քանի որ ղեկավարը տեղում չէր, մյուս աշխատողները այստեղ նույնպես որևէ ինֆորմացիա չտվեցին։
Լևոն Զուրաբյանի շտաբ, ՀԱԿ
Բնակիչներն իրենց ծրագրերն են առաջարկում
ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի շտաբում բուկլետներն էին հաշվում՝ բնակիչներին բաժանելու համար։ Շտաբի ղեկավար Սամվել Աբրահամյանը նշեց, որ մարդիկ իրենց անհատական խնդիրներով չեն դիմում։ «Բոլորը մեզանից պահանջում են ընդհանուր խնդիրների լուծում՝ երկրում վերականգնել օրինականությունը, այս ապօրինությունները դադարացնելու համար որոշակի քայլեր ձեռնարկել, վերացնել արտագաղթի խնդիրը և այլն»։ Սամվել Աբրահամյանը պատմեց նաեւ, որ եղել են դեպքեր, երբ շտաբ են այցելել թմրամոլների կամ խաղամոլների հարազատներ՝ ոչ թե ինչ-որ բան խնդրելու, այլ այդ մոլությունների վերացման դեմ որոշակի ծրագրել ներկայացնելու համար։ Լևոն Զուրաբյանի շտաբի ղեկավարը սպասվող ընտրություններին լավատեսորեն է տրամադրված։ Ասում է՝ մարդկանց մեծ մասը ձայն կտա նրանց, ում հավատում է։
«Օրինաց երկիր». Բնամթերքը լավ է 5000 դրամից
Սարյան փողոցի վրա տեղակայված «Օրինաց երկիր» կուսակցության մի շտաբում կուսակցական ակտիվիստները տարբեր աշխատանքներով էին զբաղված։ Գործավար Սիրանուշ Աբաջյանը հրաժարվեց պատմել շտաբի աշխատանքների մասին առանց շտաբի ղեկավարի թույլտվության։ ՕԵԿ հաջորդ շտաբում երեք աշխատողներն էին միայն, որոնց նույնպես խոսելու համար անհրաժեշտ էր ղեկավարի թույլտվությունը։ Նրան հեռախոսով թույլ տվեցին խոսել: Աշխատողները ոգևորված պատմեցին ՝ ընդամենը մի քանի օր առաջ հինգ ավտոբուս կուսակցական են իրենց շտաբի մոտից տարել Մոսկվա կինոթատրոնի մոտ տեղի ունեցած հանրահավաքին: Շտաբի աշխատակից Նարինե Խաչիկյանն ասաց, որ շատերն են իրենց համակրում, մեծամասնությունն իրենց համակիրներն են, «քարոզի ժամանակ ասել են, որ սիրով ընտրելու ենք Արթուր Բաղդասարյանին»: Մեր հարցին'թե բնամթերք կամ այլ նվերներ եղե՞լ են կուսակցության կողմից, նա ասաց. «Մեր ակցիային դուք տեղյակ եք, դա արել է «Հայասի» բարեգործական ընկերությունը' «Հայասիի» արտադրության սուրճ, մուրաբա... Դա ավելի լավ չէ՞, քան 5000 դրամ ընտրակաշառքը»:
«Ժառանգություն». Գյումրեցիներին Լոռի չենք տանում
«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միասնական շտաբի լրատվական բաժնի պատասխանատու Անժելա Խաչատրյանի կարծիքով ժողովուրդն ակտիվորեն հետաքրքրված է ընտրություններով. «Այլ հարց է,- ասաց մամուլի պատասխանատուն,- որ պասիվություն կա այն առումով, որ մարդիկ, ովքեր ունեն աշխատանք, մի քիչ կախվածություն ունեն իշխանությունից, կարող է ցանկություն ունեն գալու, լսելու ընդդիմադիրին, բայց այդ հանգամանքը խանգարում է»: Նա ավելարեց, որ իրենք չեն բողոքում, թե իրենց հանդիպումներին մարդիկ չեն գալիս, «Գալիս են և ինչքան գալիս են մենք գոհ ենք: Կարևորը մենք չենք գնում հանդիպումների և, օրինակ, Լոռու մարզի հանդիպմանը ավտոբուսներով չենք տանում գյումրեցիներին, որ ցույց տանք, թե մենք մարդ ենք հավաքել: Մեր խնդիրն է' ինչքան հնարավոր է շատ' տեսնել մեր ընտրողին և ոչ թե ստիպողաբար բերենք հավաքի, միայն մամուլում կադրերով ցույց տալու համար»:
ՀՀԿ. Գարեգին Նուշիկյանի շտաբ. Գումարի խնդրանքով շտաբ չեն դիմել
ՀՀԿ և Գարեգին Նուշիկյանի մի շտաբում աշխատողները հրաժարվեցին մեր հարցերին պատասխանել՝ խնդրելով քիչ ուշ այցելել և խոսել շտաբի ղեկավարի հետ։ Քանի որ մայրաքաղաքի կենտրոնում շատ են Գ. Նուշիկյանի նախընտրական շտաբները, փորձեցինք նրանց գործունեության մասին իմանալ այլ շտաբներից: Խոսեցինք Կասկադի հարևանությամբ տեղակայված շտաբի պետ Միսակ Սարգսյանի հետ: Շատ բան չկարողացանք ճշտել նրանից: Ասաց, թե շտաբի հիմնական գործառույթը բնակչության հետ հանդիպումներ կազմակերպելն է, որպեսզի բնակիչները ծանոթանան իրենց թեկնածուի նախընտրական ծրագրերին։ Մեր հարցին, թե երբևէ շտաբ մտել են գումար խնդրելու, ասաց, որ իրենց շտաբ երբեք նման հարցով չեն դիմել։
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
Հավատում են արդար ընտրություններին
ՀՅԴ Կենտրոն համայնքի շտաբներից մեկն այս պահին սահմանափակվում է բնակիչների հետ հանդիպումներ կազմակերպելով և տվյալ տարածքի բնակիչների ցուցակների ճշտումով: Շտաբի ղեկավարն ասաց, որ կան տներ, որտեղ 30-40 հոգի են գրանցված: Կենտրոն համայնքը մի փոքր տարբերվում է մնացած համայնքներից:
«Այստեղ մարդիկ քիչ թե շատ ապահովված են: Այդ է պատճառը, որ այստեղի բնակիչներին հիմնականում հետաքրքրում են արդար ընտրությունները»,- ասաց ՀՅԴ շտաբի ղեկավար Արկադի Պետրոսյանը: Նրա կարծիքով նախորդ տարիների հետ համեմատած՝ բնակիչների շրջանում հավատ կա, որ ընտրությունները կանցնեն ավելի արդար:

